Միացյալ Նահանգները, որն անցյալ տարի Հնդկաստանի նկատմամբ վենեսուելական նավթ գնելու համար մաքսատուրքեր էր սահմանել, Դելիին տեղեկացրել է, որ կարող է շուտով վերսկսել այդ գնումները՝ ռուսական նավթի ներմուծումը փոխարինելու համար, հաղորդել է Reuters-ը՝ հղում կատարելով թեմային ծանոթ երեք աղբյուրների։
Հնդկաստանը խոստացել է կրճատել ռուսական հում նավթի գնումներն այն բանից հետո, երբ Վաշինգտոնը բարձրացրեց նաեւ այս գործունեության հետ կապված մաքսատուրքերը։ Ըստ անանուն մնալ ցանկացող աղբյուրների՝ Հնդկաստանը առաջիկա ամիսներին ռուսական նավթի ներմուծումն օրական մի քանի հարյուր հազար բարելով կրճատելու ճանապարհին է։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2025թ․ մարտին 25 տոկոս մաքսատուրքեր է սահմանել վենեսուելական նավթ գնող երկրների, այդ թվում՝ Հնդկաստանի նկատմամբ, նրա վարչակազմն ակտիվացրել է արշավը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ, որին ամերիկյան ուժերը գերի են վերցրել հունվարի 3-ին։
Այդ ժամանակվանից Վաշինգտոնը վերահսկողություն է հաստատել Կարակասի կառավարության նկատմամբ եւ պլանավորում է անորոշ ժամանակով վերահսկել Վենեսուելայի նավթարդյունաբերությունը։
Հնդկաստանին վենեսուելական նավթ մատակարարելու ԱՄՆ ջանքերը կապված են Ռուսաստանի նավթային եկամուտները կրճատելու Վաշինգտոնի ցանկության հետ։
Ընդ որում, աղբյուրները մանրամասներ չեն տրամադրել այն մասին, թե արդյոք վենեսուելական նավթը կվաճառվի երրորդ կողմի առեւտրային ընկերությունների, ինչպիսին է Vitol-ը կամ Trafigura-ն, միջոցով, թե ուղիղ կվաճառվի Վենեսուելայի պետական նավթային ընկերության՝ PDVSA-ի կողմից։
Երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել են, որ Հնդկաստանը պատրաստվում է մոտ ապագայում կրճատել ռուսական նավթի ներմուծումը մինչեւ օրական մեկ միլիոն բարելից պակաս։
Հունվարին դրանք կազմել են օրական մոտ 1.2 միլիոն բարել, եւ կանխատեսվում է, որ փետրվարին կնվազեն մինչեւ օրական մոտ 1 միլիոն բարել, իսկ մարտին՝ մինչեւ օրական 800 հազար բարել, տեղեկացրել է երկու աղբյուրներից մեկը։ Երկու աղբյուրներից երկրորդը նշել է, որ այդ ներմուծումը, ի վերջո, կնվազի մինչեւ օրական մոտ 500-600 հազար բարել, ինչը կօգնի երկրին առեւտրային գործարք կնքել Միացյալ Նահանգների հետ։





























