ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը գնահատել է բանակցությունները Ռուսաստանի ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիեւի հետ։

«Այսօր Ֆլորիդայում Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիեւը արդյունավետ եւ կառուցողական հանդիպումներ է ունեցել ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման ԱՄՆ միջնորդական ջանքերի շրջանակում»,- նշել է Ուիթքոֆը Х սոցցանցում։

Նրա խոսքով՝ ամերիկյան պատվիրակության կազմում, իրենից բացի, եղել են ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշները եւ Սպիտակ տան ավագ խորհրդական Ջոշ Գրյունբաումը։

«Մենք ոգեւորված ենք այս հանդիպմամբ եւ նրանով, որ Ռուսաստանն աշխատում է Ուկրաինայում խաղաղության հաստատման ուղղությամբ, եւ շնորհակալ ենք նախագահի առանցքային առաջնորդության համար՝ ամուր խաղաղության իր հանձնառությունում»,- նշել է Ուիթքոֆը։

Ավելի վաղ ամերիկյան կողմի հետ բանակցությունների համար Մայամի ուղեւորության մասին տեղեկացրել էր ինքը՝ Կիրիլ Դմիտրիեւը։