Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, տեղեկացրել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Ալիեւի մամուլի ծառայությանը։
Հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում նորից նշվել է, որ «Ադրբեջանի եւ Իրանի միջեւ հարաբերությունները հիմնված են բարեկամության, եղբայրության եւ բարիդրացիության սկզբունքների վրա, ընդգծվել են մեր ժողովուրդների միջեւ պատմական, էթնիկական եւ կրոնական կապերը»։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը նշել են Իրանի նախագահի այցերը Ադրբեջան, պետությունների ղեկավարների հանդիպումները եւ նրանց «արդյունավետ բանակցությունները, որոնք զգալի ներդրում են ունեցել երկկողմ հարաբերությունների զարգացման գործում»։ Ընդգծվել է, որ Արաքս գետով Աղբենդ եւ Քալալե քաղաքները միացնող ճանապարհային կամրջի շինարարական աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի։
Ալիեւը, «մտահոգություն արտահայտելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հայտնել է Ադրբեջանի պատրաստակամության մասին՝ նպաստել լարվածության նվազեցմանը, եւ ընդգծել է, որ մեր երկիրը աջակցում է նման հարցերի լուծմանը բանակցությունների եւ փոխըմբռնման միջոցով»։




























