Գերմանիայի բունդեսթագի նախագահ Յուլիա Կլյոկները կրկին հայտարարել է, որ երկրի ղեկավարի պաշտոնում պետք է կին ընտրվի։ Bild am Sonntag շաբաթաթերթին տված հարցազրույցում քրիստոնեա-դեմոկրատ քաղաքական գործիչը ընդգծել է, որ չի մասնակցում գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հնարավոր ժառանգների շուրջ ենթադրություններին, սակայն համոզված է, որ գենդերային փոփոխության ժամանակն արդեն հասունացել է։
«Շատ զարմանալի է, որ այս բոլոր տարիների ընթացքում Բելվյու պալատում դեռևս ոչ մի կին չի եղել», նշել է Կլյոկները։ Ըստ նրա, պատճառը չի կարող լինել որակավորման, ինտելեկտի կամ կադրային պաշարի պակասը, քանի որ կանայք կազմում են հասարակության կեսը։
Քաղաքական գործիչը նույն միտքն արտահայտել էր նաև 2025 թվականի նոյեմբերին։ ntv հեռուստաալիքի եթերում նա ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա, որ Գերմանիայի պատմության ընթացքում երկիրը ղեկավարել է տասներկու տղամարդ նախագահ։
«Կասեի՝ ժամանակն է», ասել էր այն ժամանակ խորհրդարանի նախագահը։
Դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը համակարծիք է կուսակցական գործընկերոջ դիրքորոշմանը։ Նա դեռևս 2025 թվականի օգոստոսին,Բեռլինում կառավարության բաց դռների օրը հայտարարել էր, որ «շատ լավ է պատկերացնում», թե ինչպես է 2027 թվականին դաշնային ժողովն առաջին անգամ հանրապետության պատմության մեջ երկրի բարձրագույն պետական պաշտոնում կին ընտրում։
«Դա լավ կլիներ», հավելել էր կառավարության ղեկավարը։
Կանցլերը նաև հիշեցրել էր, որ ժամանակին, երբ ղեկավարում էր բունդեսթագում պահպանողականների խորհրդարանական խմբակցությունը, հենց ինքն էր նպաստել նախկին գյուղատնտեսության նախարար Կլյոկների առաջադրմանը որպես խորհրդարանի նախագահ։
Գերմանիայի դաշնային նախագահի հաջորդ ընտրությունները նախատեսված են 2027 թվականին, գրում է Deutsche Welle-ն։





























