Սիրիայի ներքին գործերի նախարարությունը կիրակի օրը հայտարարել է, որ անվտանգության ուժերը ձերբակալել են «ահաբեկչական բջջի» անդամների, որոնք առնչություն են ունեցել Դամասկոսի Մեզզե թաղամասի և նրա ռազմական օդանավակայանի վրա նախկինում իրականացված հարձակումների հետ, տեղեկացնում է Sana-ն։

Նախարարությունն իր Telegram-ալիքում հայտնել է, որ Դամասկոսի գյուղական տարածքներում անվտանգության ստորաբաժանումները գլխավոր հետախուզական վարչության հետ համատեղ իրականացրել են մի շարք գործողություններ, որոնք հանգեցրել են բջջի բոլոր անդամների ձերբակալությանը։ Ըստ հաղորդագրության, ձերբակալությունները կատարվել են Դարայա և Կաֆր-Սուսեհ թաղամասերում հրթիռների արձակման վայրերի մի քանի շաբաթյա դիտարկումից հետո։

Անվտանգության ծառայությունների ջանքերը հնարավորություն են տվել պարզելու բջջի մեկ անդամի ինքնությունը, իսկ հետագայում՝ նաև մյուսների։ Հաղորդագրության համաձայն, հետագա գործողությունների ընթացքում անվտանգության ուժերը բռնագրավել են անօդաչու սարքեր, որոնք պատրաստվել էին հարձակումների համար։

«Նախնական քննությունը ցույց է տվել, որ բջջի անդամները կապ են ունեցել արտաքին կողմերի հետ, իսկ հարձակումներում օգտագործված հրթիռները, արձակման հարթակները և անօդաչուները արտադրված են եղել լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման կողմից», հայտնել է նախարարությունը։

Նշվում է, որ ձերբակալվածները նաև խոստովանել են, որ պատրաստում էին հետագա հարձակումներ անօդաչուների միջոցով, որոնք կանխվել են նրանց ձերբակալությամբ։ Բոլոր առգրավված իրերը բռնագրավվել են, իսկ ձերբակալվածները փոխանցվել են հակաահաբեկչական մարմիններին՝ հետագա քննության համար, նշել է նախարարությունը։