Կրասնոդարի Shtorm models մոդելային գործակալության տնօրեն Դանա Բորիսենկոն կտրականապես հերքել է իր ընկերության կապը ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ կապված սկանդալին, տեղեկացնում է «Московский комсомолец»-ը։

Բորիսենկոն հայտարարել է, որ ոչ միայն կապ չունի սեռական շահագործման համար դատապարտված Էփշտեյնի հետ, այլև պատրաստ է դատի տալ բոլոր լրատվամիջոցներին և Telegram-ալիքներին, որոնք տարածում են այդ տեղեկությունները։

Գործակալության հետ կապի մասին լուրերը հայտնվել են ԱՄՆ արդարադատության նախարարության հերթական արխիվների հրապարակումից հետո, որտեղ հիշատակվել էր մոդել Ռաիսայի պորտֆոլիոն։ Դրան ի պատասխան՝ մոդելային բիզնեսի ղեկավարը դիմել է հանրությանը։

«Ես և իմ գործակալությունը որևէ կերպ կապված չենք ոչ այդ մարդու, ոչ էլ այս իրավիճակի հետ ընդհանրապես… Ես երբեք և ոչ մեկին չեմ ուղարկել անգամ արտասահմանյան պայմանագրերով ամերիկյան մոդելային գործակալություններ», — գրել է Բորիսենկոն սոցիալական ցանցերում։

Նա հաստատել է, որ գործակալությունը իսկապես մասնակցել է Սոչիում 2014 թվականի Օլիմպիական խաղերի բացման արարողության կազմակերպմանը, սակայն դա սովորական աշխատանքային գործունեություն էր, որտեղ ներգրավված էին նաև բազմաթիվ այլ ընկերություններ։ Ինչ վերաբերում է մոդել Ռաիսային, գործակալության տնօրենը պարզաբանել է, որ համագործակցությունը նրա հետ եղել է ընկերության աշխատանքի սկզբնական շրջանում, և ցանկացած մեկը կարող էր պատճենել նրա պորտֆոլիոյի հղումը և օգտագործել այն այլ համատեքստում։

«Ես դատի եմ տալու թե նրան, ով սկսել է, և թե նրանց, ովքեր հետո կրկնօրինակում են նրա տարածած տեղեկությունը և ավելի լայն տարածում», — հավելել է տնօրենը։