Ռուսաստանում թոշակառու կինը մահացել է սրտի կաթվածից այն բանից հետո, երբ խարդախությամբ Ուլյանովսկի երկու ընտանիքի զրկել է բնակարաններից, հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։

Ըստ ալիքի, կինը դիտել է երգչուհի Լարիսա Դոլինայի գործով դատական նիստի հեռարձակումը և անհանգստացել, որ իր արդեն գրեթե ավարտին հասցված խարդախությունները նույնպես կչեղարկվեն և կստիպեն վերադարձնել բնակարանները։

Mash-ի տեղեկություններով, 84-ամյա Վերա Բ.-ն երեխաներ ունեցող երկու ընտանիքի է վաճառել երկու բնակելի տարածք (44,7 և 31,1 քառակուսի մետր մակերեսով)՝ համապատասխանաբար 2 միլիոն և 1,45 միլիոն ռուբլով։ Գործարքները ձևակերպվել են նոտարի և բանկի միջոցով։ Գնորդները ստացել են բանալիները, վճարել գումարն ու տեղափոխվել բնակարան։

Մի քանի ամիս անց թոշակառուն բարիկադավորվել է բնակարաններից մեկում և հայտարարել, թե գործել է «խարդախների ճնշման տակ»։ Արդյունքում նա դատարանում վիճարկել է երկու գործարքն էլ։ Առաջին ատյանի դատարանը վճռել է հօգուտ նրա. բնակարանները վերադարձվել են կնոջը, իսկ ընտանիքները մնացել են առանց տանիքի և առանց գումարի։

Դատական գործընթացից առաջ Վերա Բ.-ն իր ողջ գույքը վերագրանցել է ազգականների անունով և բացահայտ ասել, որ չի պատրաստվում վերադարձնել միլիոնները։ Ընդհանուր առմամբ, խոսքը 3,5 միլիոն ռուբլու պարտքի մասին է։

Հունվարի 26-ին թոշակառուն մահացել է սրտի կաթվածից։ Այժմ այդ բնակարանների և պարտքերի հարցով պետք է զբաղվեն նրա ժառանգները։