Ֆրանսիական Capgemini ընկերությունը կիրակի հայտարարել է, որ վաճառում է իր դուստր կառույցը, որը տեխնոլոգիական ծառայություններ էր մատուցում ԱՄՆ ներգաղթի և մաքսային հսկողության ծառայությանը (ICE)։ Որոշումը կայացվել է Դոնալդ Թրամփի վարչակազմի ներգաղթային խիստ միջոցառումների ընթացքում ICE-ի գործակալների աշխատանքի մեթոդների նկատմամբ համաշխարհային ուշադրության ֆոնին, հայտնում է Associated Press-ը։

Ֆրանսիայի կառավարությունը ճնշում էր գործադրում ընկերության վրա՝ պահանջելով ավելի մեծ թափանցիկություն ICE-ի հետ համագործակցության հարցում։ Վերջին շաբաթներին Մինեապոլիսում ամերիկյան ներգաղթային ծառայությունների գործողությունները մտահոգություն են առաջացրել Ֆրանսիայում և մի շարք այլ երկրներում։ Մինեսոտա նահանգում դաշնային իշխանությունների իրականացրած արշավը հանգեցրել է ԱՄՆ երկու քաղաքացու սպանության. նրանց գնդակահարել են դաշնային ներգաղթային մարմինների աշխատակիցները։

Capgemini-ի կիրակնօրյա հայտարարության մեջ նշվում է, որ ընկերությունն անմիջապես սկսում է Capgemini Government Solutions դուստր ձեռնարկության վաճառքի գործընթացը։ Ըստ փաստաթղթի, ԱՄՆ դաշնային գերատեսչությունների հետ աշխատանքի կանոնները «թույլ չէին տալիս խմբին պատշաճ վերահսկողություն իրականացնել այդ կառույցի գործունեության որոշ կողմերի նկատմամբ՝ խմբի նպատակներին համապատասխանությունն ապահովելու համար»։ Ընկերությունը հավելյալ պարզաբանումներ չի ներկայացրել՝ նշելով միայն, որ այդ ստորաբաժանմանը բաժին է ընկնում Capgemini-ի 2025 թվականի կանխատեսվող հասույթի մոտ 0,4 տոկոսը։

Գլխավոր տնօրեն Այման Էզատը հայտարարել է, որ ICE-ի հետ պայմանագրի մասիս իմացել է միայն վերջերս։ LinkedIn-ում նա գրել է, որ այդ գործունեության բնույթն ու մասշտաբը հարցեր են առաջացրել, քանի որ դրանք տարբերվում են ընկերության սովորական գործունեությունից։

Վաճառքի մասին հայտարարությունը հետևել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Ռոլան Լեսկյուրի ելույթին, որն անցյալ շաբաթ խորհրդարանում կոչ էր արել ընկերությանը թափանցիկ դարձնել իր գործունեությունը և կասկածի տակ դնել դրա բնույթը։ Նախարարի գրասենյակը չի մեկնաբանել որոշումը։

Ըստ Multinationals Observatory ոչ կառավարական կազմակերպության, Capgemini Government Solutions-ը ICE-ին տեխնիկական գործիքներ է տրամադրել ներգաղթային ստուգայցերի ժամանակ թիրախներ փնտրելու համար։ Capgemini-ն օպերատիվ կերպով չի պատասխանել այդ գործիքների բնույթի վերաբերյալ հարցմանը։

Capgemini-ն խորհրդատվական և տեխնոլոգիական միջազգային ընկերություն է, որն ունի ավելի քան 340 հազար աշխատակից աշխարհի ավելի քան 50 երկրում։