Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորի կրտսեր եղբայր՝ արքայազն Էնդրյուն, կրկին հայտնվել է ԱՄՆ Արդարադատության նախարարության կողմից ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի գործով հրապարակված նոր փաստաթղթերում, հաղորդում է The Guardian-ը։
Ըստ փաստաթղթերին՝ Էպշտեյնի էլեկտրոնային նամակներում արքայազնը, ենթադրաբար, թաքնվել է «Դուքս» և «Անտեսանելի մարդ» մականունների ետևում։ 2010 թվականի մի հաղորդագրության մեջ ֆինանսիստն Էնդրյուին առաջարկել է ծանոթացնել մի երիտասարդ ռուս կնոջ հետ. «Նա 26 տարեկան է, ռուս, խելացի և գեղեցիկ։ Եվ այո, նա ունի ձեր էլեկտրոնային հասցեն»։ Արքայազնն ի պատասխան կատակով նշել է. «Այ դու խորամանկ»։
2002 թվականի օգոստոսի մի այլ նամակում «Անտեսանելի մարդը» նամակագրություն է ունեցել Էպշտեյնի գործընկեր Գիսլեյն Մաքսվելի հետ, որը հետագայում դատապարտվել է մարդկանց առևտրի համար։ Արքայազնը Մաքսվելին տեղեկացրել է, որ չի կարող գնալ ընտանեկան խնդիրների պատճառով։ Մաքսվելը պատասխանել է, թե «մի աղջիկ և հինգ այլ գեղեցիկ կարմրահերներ ստիպված կլինեին զվարճանալ առանց նրա»։ Նշված աղջիկներից մեկի անունը փաստաթղթերում ծածկագրված էր։
Հրապարակված նյութերի թվում են նաև լուսանկարներ, որոնցում ժպտացող, ոտաբոբիկ, չորեքթաթ Էնդրյուն գետնին պառկած է մի կնոջ կողքին։ Լուսանկարներում կնոջ դեմքը չի նշմարվում։
Ջեֆրի Էպշտեյնը կազմակերպել էր անչափահասների սեռական շահագործման հանցավոր ցանց։ Նրա շրջապատում ընդգրկված էին ազդեցիկ քաղաքական գործիչներ, գործարարներ և շոու-բիզնեսի գործիչներ, որոնց թվում՝ Բիլ Քլինթոնը, Դոնալդ Թրամփը, Հարվի Վայնշտեյնը, Բիլ Գեյթսը և ուրիշներ։ Որոշ զոհեր հետագայում պնդել են, որ իրենց ստիպել են ինտիմ կապի մեջ մտնել արքայազն Էնդրյուի հետ։





























