Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադաֆիի որդու՝ Սեյֆ ալ-Իսլամի մարմնի գտնվելու վայրն անհայտ է, հայտնում է Al Wasat պորտալը։
Երկրի արևմուտքում գտնվող Էզ-Զինտան քաղաքի հիվանդանոցը, որտեղ, ենթադրաբար, տեղի է ունեցել սպանությունը, պորտալի հետ զրույցում հերքել է ավելի վաղ տարածված տեղեկությունն այն մասին, թե Սեյֆ ալ-Իսլամի մարմինն իրենց մոտ է տեղափոխվել։ Հարևան Էր-Ռաջբան բնակավայրի բժշկական հաստատությունը նույնպես նման տեղեկատվության չի տիրապետում, փոխանցում է Al Wasat-ը։
Ավելի վաղ Libya al-Ahrar հեռուստաալիքը տեղեկացրել էր Քադաֆիի որդու մահվան մասին։ Ըստ նրա տվյալների՝ դա տեղի է ունեցել Էզ-Զինտանում։ Al Hadath հեռուստաալիքի՝ հանգուցյալի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Սեյֆ ալ-Իսլամը մահացու վիրավորում է ստացել, երբ գտնվելիս է եղել իր նստավայրին կից այգում։ Հարձակվողները եղել են չորսը, նրանք բոլորը փախուստի են դիմել դեպքի վայրից։ Սպանության մասին տեղեկությունը հաստատել են Քադաֆիի փաստաբանը, ինչպես նաև նրա քաղաքական թիմը։ Սակայն Տրիպոլիում տեղակայված Լիբիայի Ազգային միասնության կառավարության կողմից մահվան մասին պաշտոնական հաղորդագրություն դեռևս չի ստացվել։ Նախագահական խորհուրդը նույնպես հանդես չի եկել մեկնաբանություններով։
Սեյֆ ալ-Իսլամը Լիբիայի նախկին առաջնորդի տասը զավակներից (ութ հարազատ և երկու որդեգիր) երկրորդն է։ Նա ծնվել է 1973 թվականին Տրիպոլիում, 1995-ին Լիբիայի մայրաքաղաքում ստացել է ճարտարապետ-ինժեների դիպլոմ, այնուհետև ուսումը շարունակել է Ավստրիայի Միջազգային բիզնես դպրոցում՝ կառավարման (մենեջմենթի) ոլորտում։ Լիբիա վերադառնալուց հետո Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆին զբաղվել է ձեռնարկատիրությամբ։ 2000 թվականին նրա հիմնադրամը բանակցություններ է վարել Ֆիլիպիններում իսլամական ծայրահեղականների խմբավորման կողմից պատանդ վերցված արևմտյան վեց քաղաքացիների ազատ արձակման շուրջ և նրանց համար վճարել 25 միլիոն դոլար փրկագին։ Ավելի ուշ Սեյֆ ալ-Իսլամը բանակցություններ է վարել 1988 թվականին շոտլանդական Լոքերբի քաղաքի վրա ինքնաթիռի պայթյունի զոհերի ընտանիքներին փոխհատուցում տրամադրելու հարցով։ 2011 թվականի հունիսին նրան կալանավորելու օրդեր է տրվել՝ մարդկության դեմ գործած հանցագործությունների համար։ Սեյֆ ալ-Իսլամին ձերբակալել է Էզ-Զինտանի զինված խմբավորումը, սակայն այն հրաժարվել է 2015 թվականին նրան հանձնել Տրիպոլիի դատարանին, որը շտապողական դատավարությունից հետո քաղաքական գործչին դատապարտել է մահապատժի։ 2017 թվականի հունիսին հայտարարվել է նրա ազատ արձակման մասին։





























