Նախկին արքայազն Էնդրյուն կտեղափոխվի հինգ ննջասենյակ ունեցող «համեստ» տուն՝ դատապարտված ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ կապված սկանդալից հետո։ Այս մասին հայտնում է Metro պարբերականը:
Փետրվարի 2-ին նախկին արքայազն Էնդրյուն լքել է Վինձորի Մեծ պարկում գտնվող Royal Lodge կալվածքը: Լրագրողների տեղեկություններով՝ անարգված նախկին դուքսը ժամանակավորապես կբնակվի Նորֆոլկի Սանդրինգհեմ կալվածքում: Ավելի ուշ Կարլ III թագավորի կրտսեր եղբայրը կհաստատվի Marsh Farm ֆերմերային տանը, որտեղ այժմ վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Նախկին արքայազնի նոր կալվածքն ունենալու է հինգ ննջասենյակ, խոհանոց, երկու հյուրասենյակ, ինչպես նաև տարբեր տնտեսական շինություններ և ձիարշավարաններ:
Նախկին արքայազն Էնդրյուի շուրջ սկանդալը բռնկվել է դեռևս 2019 թվականին, երբ հանրային տիրույթում ի հայտ է եկել թագավորական ընտանիքի անդամի կապը Վիրջինիա Ջուֆրեի հետ, ով աշխատում էր Էփշտեյնի մոտ։ Իր հուշերում նա պատմել է, որ Էնդրյուն սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, երբ ինքը 17 տարեկան է եղել։ 2025 թվականի հոկտեմբերին Կարլ III-ը կրտսեր եղբորը զրկել է վերջին տիտղոսներից ու պատվավոր կոչումներից, ինչպես նաև նրան թագավորական նստավայրից վտարելու որոշում է կայացրել։
Հունվարի 30-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել է Էփշտեյնի գործով փաստաթղթերի նոր խմբաքանակ, որոնցում առկա են եղել լուսանկարներ, որոնց մեջ մի տղամարդ է եղել, որը շատ նման է եղել Մեծ Բրիտանիայի թագավոր Կարլ III-ի կրտսեր եղբորը։





























