Եվրամիության խորհուրդը հաստատել է Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի անտոկոս վարկի տրամադրումը։ Որոշումն ընդունել են Բրյուսելում ԵՄ դեսպանները, հաղորդում է DW-ն։
Վարկի վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել դեկտեմբերին անցկացված ԵՄ գագաթնաժողովում։ Եվրահանձնաժողովը որոշումը հաստատել է հունվարի 14-ին։ Գումարի մեկ երրորդն առաջարկվել է օգտագործել Կիևի բյուջետային աջակցության, իսկ ևս 60 միլիարդը՝ ռազմական օգնության համար։ Միջոցները նախատեսվում է փոխանցել Կիևին 2026 թվականի երկրորդ եռամսյակի սկզբին։
Ֆինանսավորումը կենթարկվի Ուկրաինայի համար խիստ պայմանների, դրանց թվում՝ օրենքի գերակայության պահպանման և կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումների։ Ուկրաինայի ֆինանսական կարիքները կորոշվեն Կիևի մշակած ֆինանսական ռազմավարությամբ։ Այդ ռազմավարությունը պետք է հաստատի ԵՄ Խորհուրդը՝ Եվրահանձնաժողովի գնահատականից հետո։
Վարկի տոկոսները նախատեսվում է ծածկել ԵՄ բյուջեից։ Դա չի անդրադառնա Չեխիայի, Հունգարիայի և Սլովակիայի բյուջետային ներդրումների վրա, որոնք հրաժարվել են մասնակցել Ուկրաինայի համար նախատեսված այդ օգնության ծրագրին։





























