Թայվանին երբեք թույլ չի տրվի անջատվել Չինաստանից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինպինը, հաղորդում է  Xinhua-ն։

Նա նշել է, որ Միացյալ Նահանգները պետք է զգուշորեն մոտենա Թայվանին զենք վաճառելու հարցում։

Սի Ծինպինը Թրամփին հայտարարել է, որ չին-ամերիկյան հարաբերություններում Թայվանի հարցը ամենակարևորն է։

Նա հավելել է, որ անցյալ տարի լավ շփում է պահպանել Թրամփի հետ։ «Միայն հավասար, հարգալից և փոխշահավետ մոտեցմանը հետևելով և միմյանց ընդառաջելով Չինաստանը և ԱՄՆ-ն կարող են փոխադարձ մտահոգությունները լուծելու ուղիներ գտնել»,- նշել է Չինաստանի առաջնորդը։

Սի Ծինպինը պատրաստակամություն է հայտնել համագործակցել Թրամփի հետ՝ չին-ամերիկյան հարաբերությունների հսկա նավը փոթորիկների և ալիքների միջով կառավարելու համար՝ նոր տարում ապահովելով դրա կայուն նավարկությունը։

Ըտս նրա՝ Չինաստանը և Միացյալ Նահանգները պետք է մշտապես փոխադարձ վստահություն կառուցեն և հետևեն պատշաճ համակեցության ուղուն։

Սի Ծինպինը կոչ արեց Չինաստանին և Միացյալ Նահանգներին ամրապնդել երկխոսությունն ու հաղորդակցությունը, պատշաճ կերպով լուծել տարաձայնությունները և ընդլայնել գործնական համագործակցությունը։

Նշենք, որ Հայաստանը պաշտոնապես վերահաստատել է իր աջակցությունը «մեկ Չինաստան» սկզբունքին և դեմ է «Թայվանի անկախության» ցանկացած ձևի, ինչպես նաև աջակցում է Չինաստանի ջանքերին՝ ազգային վերամիավորման ուղղությամբ։