Ճապոնիայի կայսր Ակիհիտոն, այսօր` փետրվարի 11-ին, Տոկիոյի համալսարանի հիվանդանոց է տեղափոխվել սրտաբանական հետազոտություն անցնելու համար:

Սպասվում է, որ երեկոյան հետազոտության ավարտից հետո կայսերը կտեղափոխեն հիվանդասենյակ: Փետրվարի 12-ին արդեն նա պետք է լքի հիվանդանոցը:

Կայսերական արքունիքի վարչությունը մոտակա մի քանի օրերի ընթացքում պետք է հայտնի հետազոտության արդյունքների մասին:

Նախորդ տարվա նոյեմբերին կայսր Ակիհիտոն բրոնխիտի ախտանշաններով հիվանդանոց էր տեղափոխվել: Այնուհետեւ բժիշկները հայտնաբերել էին թոքերի բորբոքման աննշան հետքեր: Ինչպես հայտնել էին պալատական բժիշկները, կայսեր հիվանդությունը կարող էր զարգացած լինել մարտի 11-ի երկրաշարժի արդյունքում առաջացած սթրեսի եւ անհանգստության հետեւանքով:

Կայսրն իր պարտականությունների կատարմանն է անցել դեկտեմբերի սկզբին հիվանդության հետ կապված մեկամսյա դադարից հետո: Դեկտեմբերի 23-ին նա դարձել է 78 տարեկան, գրում է «ՌԻԱ Նովոստին»: