ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը կուսակցություններին տրվող անվճար եթերաժամանակը համեմատել է բենզինի կամ հանգստացնող դեղահաբերի բաշխման հետ
Փետրվարի 5-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով առաջիկա ընտրություններում կուսակցություններին տրամադրվող անվճար եթերաժամանակի մասին հարցին, ՀՌՀ ղեկավարը, ըստ էության, դեմ է արտահայտվել նման մոտեցմանը։ «Պայմանականորեն, եթե ընտրություններին մասնակցում է 20 քաղաքական ուժ և յուրաքանչյուրին տրվում է 25-ական րոպե, դա հսկայական ժամանակ է. շատերն անգամ վճարովի եթեր չեն վերցնի։ Դա նույնն է, ինչ բենզալցակայաններին պարտադրել կուսակցություններին մեկ տոննա բենզին բաժանել։ Ի՞նչ իրավունքով եք պահանջում անվճար եթեր տրամադրել։ Դրա համար կա Հանրային հեռուստատեսությունը։ Դեղատները պարտավոր չեն հանգստացնող դեղեր բաժանել այն քաղաքական գործընթացների մասնակիցներին, որոնց նյարդերը տեղի են տվել»,- հիշեցրել է Հակոբյանը։ Որպես օրինակ նա նշել է, որ մարզական ալիքներին կուսակցական տեսահոլովակներ ցուցադրել պարտադրելն անհեթեթություն է. դա խախտում է այն ընտրողի իրավունքը, ով ցանկանում է սպորտ դիտել, այլ ոչ թե քաղաքական գովազդ։ Իսկ ցանկացած նման հոլովակ, ըստ ՀՌՀ ղեկավարի, մանիպուլյացիա է։ Նրա խոսքով՝ ցավոք, հեռարձակողների միջև չկա համերաշխություն, որպեսզի օրենսդրությունից հեռացվի այդ պահանջը։ Ամեն դեպքում, մինչև ընտրությունները որևէ բան փոխել չի հաջողվի, քանի որ օրենսդրական փոփոխությունների իրականացումը տևական գործընթաց է
Պատասխանելով մեծ թվով կուսակցությունների և դաշինքների հետ աշխատանքի մասին հարցին՝ Հակոբյանը նշել է, որ նման փորձ առկա է. 2021 թվականի ընտրություններին մասնակցել է 23 քաղաքական ուժ։ Ընդ որում՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դրական է գնահատել հանձնաժողովի աշխատանքի մեթոդաբանությունը։





























