Ավստրալական Nine News հեռուստաալիքին տված նոր հարցազրույցում Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը հայտարարել է, որ հանդիպել է Ջեֆրի Էփշտեյնի հետ միայն նրա համար, որպեսզի այլ հարուստ մարդկանց խրախուսի նվիրատվություններ անել: Այսօր նա խորապես զղջում է այդ շփումների համար. «Ուշադրության կենտրոնում միշտ դա էր. նա ճանաչում էր շատ շատ հարուստ մարդկանց և ասում էր, որ կարող է համոզել նրանց գումար նվիրաբերել համաշխարհային առողջապահությանը», - ասել է Գեյթսը:
Այսօր միլիարդատերը խոստովանում է իր սխալները. «Ես հիմար էի, որ նրա հետ ժամանակ անցկացրի»: Գեյթսը հավելել է, որ ինքը «շատերից մեկն է», որը զղջում է Էփշտեյնի հետ հանդիպելու համար: «Նրա հետ անցկացրած յուրաքանչյուր րոպեի համար զղջում եմ և ներողություն եմ խնդրում»:
Միևնույն ժամանակ, Գեյթսը կտրականապես հերքում է սեռական ոտնձգությունների հետ որևէ առնչություն, գրում է Bild-ը: Նա ընդգծում է, որ միայն ճաշկերույթների է մասնակցել. «Ես այդ կղզում երբեք չեմ եղել, երբեք կանանց չեմ հանդիպել»: Գեյթսը ասել է, թե որքան շատ մանրամասներ են բացահայտվում, այնքան ավելի պարզ է դառնում, որ իր հանդիպումները իսկապես սխալ էին, «բայց դրանք այդ տեսակի վարքագծի հետ որևէ ընդհանուր բան չունեին»:





























