Վենեսուելայի Ազգային ասամբլեան հավանություն է տվել «դեմոկրատական համակեցության համար համաներման» օրինագծին, որը կվերաբերի 1999 թվականից սկսված քաղաքական բռնության շրջանի քրեական գործերին։ Այս մասին տեղեկացրել է օրենսդիր մարմնի X սոցցանցի էջը։

«Դեմոկրատական համակեցության համար համաներման մասին օրինագիծը միաձայն հավանության է արժանացել առաջին քննարկման ընթացքում»,- նշվել է հրապարակման մեջ։

Փետրվարի 2-ին տեղեկացվել էր, որ Վենեսուելայի իշխանությունները բանտից ազատ են արձակել իրավապաշտպան Խավիեր  Տարասոնային՝ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյի զինակցին։ Վենեսուելայի Foro Penal իրավապաշտպան կազմակերպության տվյալներով, որը հետեւում է երկրում քաղբանտարկյալների վիճակին, ազատ է արձակվել նաեւ 310 մարդ, ովքեր բանտում էին հայտնվել քաղաքական դրդապատճառներով։

Հունվարի 31-ին Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը ազդարարել է քաղբանտարկյալների ընդհանուր համաներման մասին։ Նա հանձնարարել է պատրաստել օրինագիծ եւ այն ներկայացնել խորհրդարանի քննարկմանը։