Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը անհրաժեշտ է համարում կրճատել դպրոցական ամառային արձակուրդները եւ օրական դասերի քանակը հանրապետության դպրոցներում։ Այս մասին նա հայտնել է յութուբյան Brut ալիքի հարցազրույցում։

«Այժմ մեզ մոտ տարօրինակ իրավիճակ է. ուսումնական օրերը խիստ հագեցած են, ինչի պատճառով առաջ են գալիս հոգնածություն եւ սթրես, հատկապես նրանց մոտ, ովքեր ապրում են դպրոցից հեռու։ Նրանք վաղ առավոտյան գնում են դպրոց եւ երեկոյան ուշ են վերադառնում։ Դա գերհոգնածություն է առաջացնում։ Եվ միեւնույն ժամանակ մենք շատ երկար արձակուրդներ ունենք, հաճախ ավելի երկար, քան այլ երկրներում։ Դրա հետեւանքով այդ ժամանակի ընթացքում երեխաները հաճախ կորցնում են ձեռք բերած գիտելիքները»,- ասել է Մակրոնը։

Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է ուսումնական օրացույցն ավելի հավասարակշռված դարձնել։ «Սկսել ավելի ուշ, ավարտել ավելի շուտ, օրերը դարձնել ավելի կարճ եւ հեշտ։ Բայց այդ ժամանակ արձակուրդներն էլ ավելի կարճ կլինեն,- նշել է Ֆրանսիայի նախագահը։- Գուցե պարապմունքներն սկսվեն մի փոքր ավելի շուտ օգոստոսին եւ ավարտվեն ավելի ուշ։ Կարծում եմ՝ արձակուրդների մեկ լիարժեք ամիսը հնարավոր կլիներ»։

Նրա խոսքով՝ այս գաղափարը լրացուցիչ քննարկման կարիք ունի դպրոցականների, նրանց ծնողների եւ ուսուցիչների հետ։ Միեւնույն ժամանակ, նախագահը հայտնել է, որ այդ միջոցներին կողմ են արտահայտվել շատ ընտանիքներ։

Ֆրանսիայում դպրոցական արձակուրդներն ընդհանուր առմամբ կազմում են տարեկան մոտ 16 շաբաթ, ընդ որում՝ դրանց կեսը ամառային արձակուրդներն են։