Վերածննդի դարաշրջանի նկարիչ եւ քանդակագործ Միքելանջելո Բուոնարոտիի (1475-1564) նկարը Christie's աճուրդների տան աճուրդում վաճառվել է 27,2 մլն դոլարով։ Այս մասին տեղեկացրել է առեւտրային տան մամուլի ծառայությունը։
Christie’s-ի փորձագետները պարզել են, որ մինչ այժմ անհայտ ուրվագծում՝ կատարված կարմիր կավճով, պատկերված է Լիբիական սիվիլլայի աջ ոտնաթաթը։ Մարգարեուհու ֆիգուրը կարելի է տեսնել Վատիկանի Սիքստինյան կապելլայի որմնանկարներում։
Լոտի նախնական գինը 1,5-2 մլն դոլար էր։ Աճուրդը շարունակվել է ավելի քան 45 րոպե եւ ավարտվել է նրանով, որ կտավը գնել է անանուն գնորդը 27,2 մլն դոլարով։
Իտալացի քանդակագործ, գեղանկարիչ, ճարտարապետ եւ բանաստեղծ Միքելանջելոն զգալի ազդեցություն է ունեցել արեւմտյան արվեստի զարգացման վրա։ Նրա առավել հայտնի գործերից են Սիքստինյան կապելլայի առաստաղի նկարազարդումը (1508-1512), որը ներառում է ավելի քան 300 ֆիգուր, Դավթի արձանը Ֆլորենցիայում եւ «Պիետա» (Քրիստոսի ողբը) քանդակների կոմպոզիցիան, որը պահվում է Վատիկանի Սուրբ Պետրոս եկեղեցում։





























