Եվրոպան պետք է սկսի քննարկել միջուկային զսպման սեփական միջոցների ձեռքբերման հարցը, ասել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը։
«Միջուկային զսպումը կարող է լինել ապագա քննարկումների մաս՝ հաշվի առնելով ներկա իրավիճակը եւ այն փաստը, որ միջուկային զենքը միակ իրական զսպման միջոցն է»,- ասել է Կալասը ֆիննական Helsingin Sanomat թերթի հարցազրույցում, որը հրապարակվել է ուրբաթ։
Եվրոպական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ միջուկային զսպման վերաբերյալ քննարկումները սովորաբար մտնում են ԵՄ երկրների իչրավասության տակ, «սակայն նաեւ պարզ է, որ իրավիճակը արմատապես փոխվել է»։
Պարբերականը գրել է, որ Կալասը միաժամանակ զգուշավոր է միջուկային զենքի տարածման եւ դրան առնչվող ռիսկերի հարցում։ Նա նշել է, որ եվրոպական երկրները միացել են միջուկային զենքի սահմանափակման պայմանագրերին։
Կալասը նշել է, որ Ուկրաինայի խաղաղության բանակցություններում ԵՄ նոր ներկայացուցչի անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ Եվրոպան արդեն ունի դրա համար համապատասխան հաստատություններ։





























