Financial Times-ը գրում է, որ հունվարին Ռուսաստանի կողմից իրականացված զանգվածային հարձակումների ժամանակ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը բախվել են Patriot զենիթահրթիռային համակարգերի համար նախատեսված PAC-3 որսիչ հրթիռների դեֆիցիտի։ Ըստ պարբերականի տվյալների՝ արձակման կայանքները դատարկ են եղել և չեն կարողացել արձագանքել բալիստիկ հրթիռներին, որոնք անարգել հարվածել են էլեկտրակայաններին։ Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի խոսնակ Յուրի Իգնատն ավելի վաղ նշել է, որ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) կայանքների համար արկերի պակասը տարեսկզբին դարձել է ուկրաինական կողմի հիմնական խնդիրը։

«Գաղտնիք չէ, որ օրինակ՝ տեղակայված է NASAMS համակարգը, սակայն արձակման կայանքում վեց հրթիռի փոխարեն ընդամենը երկուսն են։ Դա նրա համար է, որ հրթիռները ստիպված ենք եղել առավելագույնս վերաբաշխել այլ կայանքների միջև, որպեսզի պաշտպանության համար ավելի մեծ տարածք ընդգրկենք», - ՌԲԿ-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Իգնատը։ Նրա խոսքով՝ երբեմն հաջորդ հարձակումը հետ մղելու համար պարզապես ոչինչ չի եղել։ Հրթիռների դեֆիցիտի մասին հայտարարել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը միշտ չէ, որ կարողանում են օգտագործել ՀՕՊ համակարգերը, քանի որ արկերը չեն բավականացնում ինչպես ամերիկյան, այնպես էլ եվրոպական կայանքների համար, իսկ հրթիռների նոր խմբաքանակները նա ստիպված է անձամբ «պոկել» Եվրոպայի երկրներից և ԱՄՆ-ից։ Միևնույն ժամանակ, հունվարի 16-ին Զելենսկին խոսել էր ՀՕՊ հրթիռների նոր փաթեթ ստանալու մասին, իսկ հունվարի վերջին ԱՄՆ-ի հետ պայմանավորվել էր Patriot համակարգերի համար PAC-3 հրթիռների մատակարարման շուրջ։

Փետրվարի սկզբին Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Ուկրաինայի զինված ուժերի գնդապետ Պավել Պալիսան պատմել է, որ «վերջին մեծ հարվածը» հետ մղելու փորձի ժամանակ ուկրաինական ուժերը 25 միավոր PAC-3 հրթիռ են արձակել Patriot համակարգերից։ Դա գրեթե կեսն է այն քանակի, որն ԱՄՆ-ն ի վիճակի է արտադրել մեկ ամսվա ընթացքում (55 միավոր)։ Դրանից հետո Զելենսկին Ռազմաօդային ուժերի աշխատանքը որակել է անբավարար։ Նա իրավիճակը քննարկել է ուժերի հրամանատար Անատոլի Կրիվոնոժկոյի և պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովի հետ ու հայտարարել կադրային փոփոխությունների մասին։

Տարեսկզբից Ռուսաստանը կենտրոնացել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելու վրա։ Հունվարին ընդհանուր առմամբ իրականացվել է 217 հարձակում, որոնք Կիևում, Խարկովում, Օդեսայում և այլ խոշոր քաղաքներում հանգեցրել են լույսի, ջեռուցման և ջրի զանգվածային անջատումների։ Հունվարի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև «էներգետիկ զինադադարի» մասին, սակայն փետրվարի 2-ին ռուսական բանակը վերսկսել է հարվածները, իսկ փետրվարի 3-ի գիշերը իրականացրել է տարեսկզբից ի վեր ամենազանգվածային հարձակումը։ Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ երկրի տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ 450 անօդաչու թռչող սարք և 71 հրթիռ է արձակվել։