Հայաստանին ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել, որը գործարկվել է էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին հասնելու նպատակով։ Նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, միջազգային տնտեսական հարաբերությունների ոլորտի փորձագետ Ալեքսանդր Դուդչակը՝ «Սպուտնիկ Արմենիայի» կողմից կազմակերպված «Հարավային Կովկասը՝ որպես կարևորագույն լոգիստիկ ուղիների խաչմերուկ» տեսակոնֆերանսի ժամանակ։
Հիշեցնենք, որ հարցը կապված է ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Վենսի երեկվա հայտարարության շուրջ առաջացած անհասկանալի իրավիճակի հետ։ Խոսքի հայերեն թարգմանության մեջ հայտնվել է «ներդրումներ» բառը, այնինչ Պետդեպարտամենտի կայքում հրապարակված տարբերակում այդ բառը բացակայում է։
Նրա խոսքով՝ ԱՄՆ ներկայիս վարչակազմը բլեֆի վարպետ է, իսկ Թրամփի խոսքերը քիչ արժեք ունեն՝ այսօր ասում է մի բան, վաղը՝ մեկ այլ բան։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն թողնելու համար, թեկուզ կարճաժամկետ հեռանկարում։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու», - կարծում է փորձագետը։
«Կարևոր է հայտարարել, որ Ամերիկան մեզ հետ է։ Բայց պատմությունը չի սովորեցնում, այլ պատժում է չսովորած դասերի համար։ Հերթական անգամ «լապշա են կախում ականջներից»։ Այստեղ դեռ Եվրոպան էլ խոստանում է առանց վիզայի ռեժիմ։ Հետո կասեն, թե չկարողացան, աշխարհում ճգնաժամ է, ինքներդ գլուխ հանեք։ Հարցը միայն Հայաստանը չէ, որքան այն, որ ինչ-որ մեկը կարողանա ինչ-որ բան վաստակել բաժնետոմսերի փոխարժեքի վրա։ Բայց ցավալի է, որ մի ամբողջ ժողովրդի, պետության որպես խաղաքար են օգտագործում շախմատի տախտակի վրա։ Հույս ունենք, որ Հայաստանը չի վերածվի տախտակի, ինչպես Ուկրաինան, որտեղ խաղ է ընթանում», - եզրափակել է քաղաքագետը։





























