ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը տարածաշրջան կարող է որոշակի գործընթացներ ակտիվացնել հայ գերիների ազատ արձակման հարցը խաղաղ ճանապարհով առաջ մղելու համար։ Այս մասին փետրվարի 10-ին խորհրդարանի հերթական նիստում հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։
Նա ափսոսանք է հայտնել, որ Հայաստանի այն իշխանությունները, որոնք պետք է լինեին այս հարցի գլխավոր շահառուները, այն չեն մղում առաջին պլան։
Աբրահամյանը նշել է, որ այս հարցով իշխանություններից ավելի ակտիվ զբաղվում են ընդդիմադիր շրջանակները և հասարակական կազմակերպությունները։ «Ադրբեջանն էլ օգտագործում է գերիների թեման, որպեսզի Հայաստանին ներկայացնի իբրև օկուպանտ և ագրեսոր»,- ընդգծել է պատգամավորը։




























