Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը կոմերցիոն բնույթ ունի եւ կարիք ունի ավելի շուտ տնտեսագետի, քան քաղաքական գործչի մեկնաբանությունների, մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅ Դաշնակցության խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, Տեր-Պետրոսյանն իր ելույթով իշխանություններին երեք ծառայություն էր առաջարկում՝ որոշակի վճարի դիմաց. Առաջին. նա առաջարկում էր օրինականացնել Սերժ Սարգսյանի իշխանությունը, երկրորդ. բոլոր մեղքերը բարդել Ռոբերտ Քոչարյանի վրա, եւ երրորդ. պայքարի դրոշը վերցնել ՀՅԴ ձեռքից: «Իհարկե, այդ ամենը Տեր-Պետրոսյանն անշահախնդրորեն չէր անում, այլ որոշակի վճարի դիմաց: Թեեւ, չգիտեմ, կդիմանա եւս մեկ պարտաբեռին մեր ճգնաժամային բյուջեն: Իսկ եթե չդիմանա, կարելի է վճարել մանդատներով»,- հայտարարել է Հովհաննիսյանը: Նրա խոսքով, բոլորովին էլ զարմանալի չէ որ Տեր-Պետրոսյանի ելույթից հետո Հայաստանի եզակի անզիջում իշխանությունները «բարիացան» եւ զիջուների գնացին «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին տեղեկանք տրամադրելու հարցում:

Խոսելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մասին՝ Վահան Հովհաննիսյանը նկատեց, թե դա համարժեք պատասխան չէր Տեր-Պետրոսյանի մեղադրանքներին. «Ռոբերտ Քոչարյանի պատասխանը իր հասցեին հնչած մեղադրանքներին համարժեք չէր։ Մենք ավելի լուրջ քաղաքական պատասխանի էինք սպասում։ Հավանաբար, նա իր՝ քաղաքականությունից կտրված լինելու հանգամանքն էր ուզում շեշտել, բայց երբ քաղաքականությամբ չես զբաղվում, նա է գալիս եւ զբաղվում քեզնով։ Այնպես որ Քոչարյանին դրանից խուսափել չի հաջողվի»,- ասել է Հովհաննիսյանը:

Նշենք, որ իր ելույթում Լեւոն Տեր-Պետրոսյանը, քննդատելով գործող վարչախումբն ու ընդդիմության շարքերում գտնվող Դաշնակցությանը, զուգահեռ փորձեց պաշտպանել Սերժ Սարգսյանին՝ հայտարարելով, թե նա բոլոր հարցերում չէ, որ մեղավոր է, քանի որ ծանր ժառանգություն է ստացել Ռոբերտ Քոչարյանից: Քոչարյանն էլ շտապեց պատասխանել՝ աֆրիկյան որսորդի մասին պատմություն պատմելով: