ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն անդրադարձել է երկքաղաքացիություն ունեցող Սամվել Կարապետյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրման հարցին։
Փետրվարի 13-ի մամուլի ասուլիսում նախարարը, առանց թեկնածուի անունը նշելու, հայտնել է, որ չի կարող պատկերացնել տարբեր երկրների շահերի համադրությունը վարչապետի պաշտոնում։ «Կառավարության նիստերում եւ քննարկումներում ես միշտ հայտարարում եմ, որ քաղաքացիության ինստիտուտը խեղաթյուրված է։ Արդյունքները գործնականում տեսանելի են»,- նշել է Սարգսյանը։ Նրա խոսքով՝ երկքաղաքացիության ինստիտուտը կմնա, բայց ոչ սահմանադրական պաշտոնների համար, մասնավորապես՝ վարչապետի։ Թեկնածուն պետք է լինի այնպիսի մեկը, որի շահերը կենտրոնացած են բացառապես ՀՀ-ի վրա, նշել է նախարարը՝ ավելացնելով, որ անձնագիրը պարզապես փաստաթուղթ չէ. քաղաքացիությունը ենթադրում է պետությանը հավատարմության երդում, իսկ մի քանի երկրների քաղաքացու դեպքում դժվար է պատկերացնել, թե որ երկրի առաջնահերթությունները կլինեն հիմնական ուշադրության կենտրոնում։
Իրավական մեկնաբանության հարցում հնարավոր է ստեղծագործական մոտեցում, ավելացրել է Սարգսյանը՝ կոչ անելով չկորցնել իրականության զգացողությունը։





























