ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Ուկրաինան հաջորդ շաբաթ պլանավորում են նոր, երրորդ եռակողմ հանդիպումը, հաղորդել է Politico-ն՝ հղում կատարելով դիվանագիտական բանակցություններին ծանոթ աղբյուրին։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ ամերիկյան պատվիրակությունն այս հանդիպման ժամանակ ակնկալում է առաջընթաց կարգավորման ուղղությամբ։
Բանակցությունները կարող են տեղի ունենալ Աբու Դաբիում, ինչպես նախորդ երկուսը, կամ Մայամիում (Ֆլորիդա), ասել է աղբյուրը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախկինում նշել էր Միացյալ Նահանգներում նոր հանդիպման հնարավորության մասին։
Մոսկվան չի հաստատել նոր բանակցությունների վայրը կամ ամսաթիվը, Միացյալ Նահանգները եւս պաշտոնապես չի հայտարարել դրանց մասին։
Նախորդ եռակողմ բանակցությունները տեղի են ունեցել Աբու Դաբիում փետրվարի 4-5-ին, երբ Կիեւն ու Մոսկվան համաձայնել են փոխանակել ռազմագերիներ «157-ը 157-ի դիմաց» ձեւաչափով։ Մասնակիցները հանդիպումը բնութագրել են որպես կառուցողական, բայց որեւէ կոնկրետ արդյունք չեն հրապարակել։ ՏԱՍՍ-ը, հղում կատարելով աղբյուրին, հաղորդել է, որ երեք երկրների ներկայացուցիչները քննարկել են «տնտեսական ասպեկտներ, տարածքային հարցեր եւ հրադադարի մեխանիզմը»։





























