Ուրբաթ օրվանից սկսել ենք բուն փոսալցման աշխատանքները, ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերի ընթացքում մոտավորապես կտրվել է 4500 քառակուսի մետր տարածք և արդեն իսկ ասֆալտապատվել է մոտ 2100 քառակուսի մետրը։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 16–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանը։
«Միաժամանակ հրատապ տեղային լուծում ենք տվել 1000-ից ավել փոսերին, ունեցել ենք միայն բարդություն շաբաթ օրը եղանակի հետ կապված, այլ բարդություն չենք ունեցել»,–ասաց նա։
Քաղաքապետ Տիգրան ԱՎինյանը հետաքրքրվեց, թե որքան ահազանգ է ստացվել փոսերի հետ կապված, ինչին Թևոսյանը պատասխանեց. «Մեր շինարարական վարչության տակ գտնվող փողոցների ահազանգը 300–ից մի քիչ անց է, բայց դեռ չենք նվազեցրել այն փոսերը, որոնք արել ենք ուրբաթվա առաջ, կիրակի օրերին»։
Ավինյանն արձագանքեց. «Բայց կան փոսեր, որոնք շատ ավելի վտանգավոր են, դրանց առաջնահերթությո՞ւն է տրվել, օրինակ, Շիրակի փողոցում արվե՞լ է աշխատանք»։
Քաղաքապետարանի մեկ այլ պաշտոնյա էլ նշեց. «Շիրակի փողոցում մեծ փոսերի հետ կապված աշխատանքներ այս պահին չեն կատարվել, բայց այսօրվանից մեր կողմից աշխատանքներ են տարվելու այդ մեծ փոսերը լցնենք»։
Ավինյանին սա բարկացրեց. «Ես ձեզ մի 3-4 օր առաջ եմ ասել, ինչի՞ նոր հիշեցիք, որ դա պետք է այսօր արվի։ էլ իմաստը ո՞րն է իմ 3-4 օր առաջ ասելու, այդ ռիսկային հատվածներում աշխատանք անելու, մինչև որ փոսալցումը կգա, կհասնի»։
Տիգրան Ավինյանը խնդրեց տեսանկարահանել շաբաթվա ընթացքում կատարվող աշխատանքները ու ամեն օրվա վերջում իրեն ներկայացնել, թե ինչքան կա, ինչքան է արվել, ինչքան է հիմնական արվել, ինչքան է ժամանակավոր լուծում տրվել։





























