Գործարար և «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը չի կարող դառնալ երկրի վարչապետ։ Այս մասին փետրվարի 16-ին Ազգային ժողովի ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի գործող Սահմանադրությունը պարզապես թույլ չի տա նրան առաջադրել իր թեկնածությունը և դառնալ կառավարության ղեկավար։
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին ռուսական «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրվել էր վարչապետի թեկնածուի պաշտոնում։ Հայտարարվել է, որ հաղթանակի դեպքում Սահմանադրության համապատասխան հոդվածում նախաձեռնվելու են փոփոխություններ, որոնք թույլ կտան գործադիր իշխանությունը գլխավորել նաև երկքաղաքացիություն ունեցող անձանց։





























