«Կտրականապես դեմ եմ պատերազմի վերսկսման վերաբերյալ ցանկացած հայտարարության»,- այս մասին նոյեմբերի 24-ին տեղի ունեցած ասուլիսում նշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ խոսելով Ադրբեջանի նախագահի հնչեցրած ռազմատենչ հայտարարության մասին։ «Ես այժմ ավելի քան համոզված եմ, որ Ռուսաստանի նախագահի եվրոպական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման նախաձեռնությունը ճիշտ ժամանակին է, եւ այն անհրաժեշտ է»,-նշեց Բորդյուժան՝ ավելացնելով, որ պայմանագիրը կբացառի ուժային մեթոդով լուծել որեւէ քաղաքական հարց։ «Ես ինքս զինվորական եմ եղել, եւ լավ գիտեմ թե ինչ է նշանակում պատերազմը»,- ասաց Բորդյուժան՝ ափսոսանք հայտնելով, որ քաղաքական դաշտում արդեն քիչ են այն քաղաքական գործիչները, որոնք գիտեն թե ինչ է նշանակում պատերազմի արհավիրքը։
Նա հույս հայտնեց, որ հայտարարությունը կատարվել է բացառապես քաղաքական նպատակով, որպեսզի Մյունխենյան հանդիպման ժամանակ Բաքուն հնարավորություն ստանար վիճելի հարցերի շուրջ ցանկալի արդյունքի հասնել։ Ըստ նրա՝ կարեւոր է, որ նախագահների մակարդակով հանդիպումները ակտիվացել են, եւ հարցի կարգավորման գործընթացը շարունակում է ընթանալ։
Խոսելով հայ-թուրքական սահմանի, այսինքն՝ այս տարածաշրջանում ՀԱՊԿ-ՆԱՏՕ սահմանի բացման հնարավության մասին՝ նա նշեց, թե ցանկալի է, որ երկու դաշինքները համագործակցեն։ «Այսօր ՀԱՊԿ-ն եւ ՆԱՏՕ-ն նույն մարտահրավերներն ունեն։ Ինչքան շուտ սկսենք համագործակցել, այնքան արդյունավետ կլինի անդամ երկրների անվտանգության ապահովումը»,- եզրափակեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։




























