ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կոնգրեսականներին է ներկայացրել 2013 թվականի բյուջեի նախագիծը: Փաստաթղթից սպասում էին ծախսերի խիստ կրճատում: Սակայն ամերիկյան նախագահը հայտարարել է, որ այժմ տնտեսությունը ներդրումների կարիք ունի, եւ առաջարկել է այն ապահովել հարուստների հաշվին: Հանրապետականներն արդեն անվանել են նախագիծն անպատասխանատու:
Օբաման փաստաթղթի իր տարբերակում նախատեսում է բարձրացնել հարկերը միլիոնատերերի համար, ինչպես նաեւ միլիարդավոր դոլարներ ծախսել ենթակառուցվածքային ծրագրերի վրա:
Նա դեֆիցիտի զգալի կրճատումը հետաձգում է մինչեւ այն պահը, երբ վերջնականապես կվերականգնվի ԱՄՆ-ի տնտեսությունը: Փաստաթղթում 2013 թվականի համար նախատեսված է 900 միլիարդ դոլարի դեֆիցիտ, որը կազմում է համախառն ներքին արդյունքի 5,5%-ը, 2012 թվականի 1,33 տրիլիոն դոլարի կամ 8,5% արտաքին համախառն արդյունքի հետ համեմատած: 10 տարվա ընթացքում բյուջեի դեֆիցիտը պետք է կրճատվի 4 տրիլիոն դոլարով:
Կոնգրեսը կարող է անտեսել նախագահի աշխատակազմի առաջարկած բյուջեի նախագիծը, որը մասամբ տեղի էր ունեցել 2011 թվականին, երբ ԱՄՆ-ում քիչ էր մնում բյուջետային ճգնաժամ սկսվեր: Ամեն դեպքում, նախագահ Օբամայի համար բյուջեի նախագիծը լավ հնարավորություն է ընտրողներին համոզելու, որ նա պատրաստ է պաշտպանելու նրանց շահերը, մինչդեռ հանրապետականները պաշտպանում են հարուստների շահերը: Դրա համար Օբաման մասնավորապես առաջարկում է, որ տարվա մեջ 1 միլիոն դոլարից ավելի վաստակող ամերիկացիները շահույթի համար վճարեն 30% հարկ, գրում է Lenta.ru-ն:




























