Լեհաստանը նախատեսում է առաջիկա մի քանի տարիների ընթացքում իր բանակը հասցնել 500 հազար զինվորի և սպայի: Նախագծի մասին գեներալների հետ ամենամյա հանդիպման ժամանակ հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը:
«Կես միլիոն անձնակազմից բաղկացած բանակը մի քանի տարվա ռազմավարական նպատակ է, որը մենք կիրագործենք»,- նշել է Կոսինյակ-Կամիշը TVP Info-ի եթերում: Նա հավելել է, որ առաջիկա տարում ուշադրության կենտրոնում կլինի մարտունակ պահեստազորային ուժերի ստեղծումը, ներառյալ՝ մի քանի քաղաքացիական համալսարաններում ռազմական ամբիոնների վերականգնման և համապարփակ ռազմական պատրաստության ծրագրի իրականացման միջոցով:
Լեհաստանի բանակն այժմ ունի 218 հազար զինվոր և սպա, ինչն այն դարձնում է ՆԱՏՕ-ում թվաքանակով երրորդ ամենամեծ ուժը՝ ԱՄՆ-ից և Թուրքիայից հետո:





























