Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը իր օգնականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԿԺԴՀ-ի հետ համագործակցության ձգտելու անհրաժեշտության մասին՝ չնայած Փհենյանի թշնամական հայտարարություններին։ Այս մասին հայտնում է «Ռենհապ» գործակալությունը։

«Ես հավատում եմ, որ Կորեական թերակղզում կայուն խաղաղություն և կայունություն կարող են հաստատվել մշտական հաղորդակցության, երկխոսության մեջ ներգրավվելու և համագործակցության ջանքերի, ինչպես նաև վստահության ու փոխըմբռնման աստիճանական ամրապնդման միջոցով», - ասել է նա։

Լի Չժե Մյոնը վստահություն է հայտնել, որ երկու երկրները պետք է ձգտեն խաղաղության՝ հրաժարվելով այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել դիմակայության և պատերազմի։ Նա ընդգծել է, որ Սեուլը պետք է խորհի այն մասին, թե արդյոք անցյալում ԿԺԴՀ-ի հասցեին հնչած «նվաստացման և սպառնալիքի գործողությունները» նպաստել են թերակղզում խաղաղության հաստատմանը, թե ոչ։

Ավելի վաղ Փհենյանում տեղի էր ունեցել Կորեայի բանվորական կուսակցության իններորդ համագումարը, որի ժամանակ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը վճռականորեն հրաժարվել էր Հարավային Կորեայի հետ որևէ երկխոսությունից։

«ԿԺԴՀ-ն քննարկելու ոչինչ չունի Կորեայի Հանրապետության հետ, որն ամենաթշնամական կազմավորումն է», - ասել էր նա։

Համագումարում Հարավային Կորեան անվանվել էր «առաջնահերթ թշնամական պետություն, մեր ժողովրդի գաղափարաքաղաքական և հոգևոր-մշակութային կյանքի անփոփոխ գլխավոր հակառակորդ»։