Դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ դատարանը փոխել է «18 արդարների» գործով մեղադրյալ Վահագն Չախալյանի խափանման միջոցը։
Դատարանի որոշմամբ՝ Չախալյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։
Դատախազը միջնորդել էր երկարաձգել կալանքը, սակայն միևնույն ժամանակ նշել էր, որ եթե կողմը ներկայացնի դատարանի համար ընդունելի հանգամանքներ այն փոխելու համար, ապա մեղադրող կողմը չի առարկի։
Փաստաբանն իր հերթին նշել է, որ դատարանում հիշատակվել է, որ Չախալյանն անցնում է նաև մեկ այլ գործով, որը գտնվում է նույն դատավորի վարույթում։ Նա դրսևորել է այնպիսի վարքագիծ, որ դատարանը նրան թույլ է տվել մի քանի անգամ մեկնել Վրաստան, այսինքն՝ դատարանին հայտնի է, որ Չախալյանն ի վիճակի չէ հանցագործություն կատարել, հիշեցրել է փաստաբանը։ Նա անդրադարձել է Չախալյանի կենսագրությանը՝ ընդգծելով հայրենասիրությունը, որը նրան ստիպել է թողնել հարազատներին Վրաստանում և տեղափոխվել Հայաստան, ինչպես նաև 44-օրյա պատերազմում նրա կամավոր մասնակցությունը։ Իսկ Չախալյանի նկատմամբ հետապնդումը պայմանավորված է բացառապես քաղաքական դրդապատճառներով, ընդգծել է փաստաբանը։ Այնուհետև նա արձանագրել է, որ Չախալյանի ընտանիքը բնակվում է վարկով ձեռք բերված տանը և բանտում գտնվելու 8 ամիսները նրան զրկել են վարկը և երեխաների ուսման վարձը վճարելու հնարավորությունից։ Ընտանիքի բոլոր արժեքավոր իրերը գրավադրված են, շարունակել է փաստաբանը։ Նա ընդգծել է, որ դատարանը, որոշելով երկարաձգել կալանքը, ըստ էության, ընտանիքին կթողնի անօթևան և հիշեցրել է, որ Չախալյանի վերաբերյալ քրեական գործում մի քանի բառ կա, ընդ որում՝ առանց անունը նշելու և, ըստ էության մեղսագրվող արարքին նրա «մասնակցությունը» անհավանական է։ Փաստաբանն ընդգծել է, որ ապագա արդարացման դատավճիռը չի կարող փոխել երեխաների հոգեկան տրավման և վերադարձնել նրանց տունը։ Փաստաբանը նաև արտահայտվել է տնային կալանքի՝ որպես խափանման միջոցի կիրառման դեմ, քանի որ այն հնարավորություն չի տալիս Վահագն Չախալյանին աշխատել և ընտանիք պահել։
Այնուհետև հանդես եկած փաստաբաններն ու մեղադրյալները, հայրենասիրության, Չախալյանի կողմից հանցագործություն կատարելու անկարողության և մեղադրանքի հորինված լինելուց զատ նշել են մեղսագրվող ծրագրված արարքների սխալ որակման և ընդհանուր մեղադրանքի դեպքում խափանման միջոցի որոշման հարցում անհատական մոտեցման բացակայության մասին։
Դատավորը համաձայնել է այն մտքի հետ, որ մեկ այլ գործով Չախալյանին իսկապես թույլատրվել է մի քանի անգամ մեկնել Վրաստան։ Դատարանը արձանագրել է, որ այս գործի շրջանակներում խախտման առկա ռիսկերը նվազում են։ Դատարանը ուսումնասիրել է ներկայացված փաստաթղթերը և եկել այն եզրակացության, որ ռիսկերը նվազել են, բայց ոչ այնքան, որպեսզի նրան ազատ արձակեն՝ որոշելով մարտի 4-ից խափանման միջոցը փոխել տնային կալանքի (3 ամիս ժամկետով)։ Հաշվի առնելով նյութական վիճակը՝ դատարանը գրավ չի կիրառել։ Որոշումը կարող է բողոքարկվել։





























