Թուրքիան Ալիեւի կամքով է հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգամավորումը որպես նախապայման ներկայացնում հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման համար։ NEWS.am–ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ստամբուլում հրատարակվող «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Բագրատ Էստուկյանը։

«Ալիեւն է Թուրքիային թելադրում գործողությունների այս ձեռագիրը։ Թուրքիան էլ, չկարողանալով պարտադրել սեփական կամքը, կայացնել սեփական որոշումները, հպատակվում է Ալիեւի թելադրանքին»,– նշեց պոլսահայ հայտնի մտավորականը։

Բագրատ Էստուկյանի կարծիքով՝ մինչ Հայաստանի վարչապետը խոսում է Թուրքիայի հետ երկխոսության դրական մթնոլորտի մասին, իրական արդյունքներ իրականում չկան։ Նրա համոզմամբ՝ թուրքական կողմն է, որ պետք է հետքայլ անի որպես մի երկիր, որն ինքն է որոշել Հայաստանի նկատմամբ տնտեսական շրջափակում հայտարարել։

«Թուրքիան է, որ մերժեց Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, Թուրքիան է, որ փակեց իր սահմանները, Թուրքիան է, որ տնտեսական շրջափակում հայտարարեց Հայաստանի հանդեպ։ Այսօր եթե հետքայլ անելու կարիք կա, հետեւաբար մենք պիտի սպասենք, որ Թուրքիան բարելավի իր վարքագիծը։ Իսկ եթե Թուրքիան պետք է նախապայմաններ առաջ քաշի, անելիք չկա։ Բացի այդ՝ հաշտության պայմանագիր կնքելու գործընթացը Հայաստանի եւ Ադրբեջանի խնդիրն, Թուրքիան ինչո՞ւ է դրա պատրադրումը նախապայման համարում։  Դա ոչ թե Թուրքիայի, այլ Ալիեւի կամքն է»,– ասաց նա։

Բագրատ Էստուկյանի համար զարմանալի է, թե ինչու են Հայաստանի իշխանություններն  այդքան ոգեւորված «Թրամփի ուղի» նախագծով։

«Զանգեզուրի միջանցքն անհնար է ասողները, խաղաղության խաչմերուկ առաջարկողները հիմա մոռացան բոլոր այդ միտքերը եւ մեծ ոգեւորությունով ողջունում են «Թրամփի ուղին» եւ ուրախություն հայտնում, թե Հայաստանն առաջին անգամ գերտերության հետ 99 տարվա պայմանագիր է կնքում։ Բայց սա պայմանագիր կնքե՞լ է նշանակում, թե՞ անձնատուր լինել, չեմ կարող ասել։ Ի՞նչ է նշանակում՝ գերտերության հետ 99 տարվա համաձայնություն կնքելուց ուրախանալ։ Թե որքանով է այն մեր տերությանն ի նպաստ, որքանով՝ նշված գերտերությանը, թող ուրիշները պատասխանեն, ես հույս չունեմ։ Հայաստանն ունի իր մարդկային ներուժը, որն իր գլխավոր կարողությունն է, այդ մարդուժը կարող է ամեն բանի համար լուծումներ առաջ քաշել, հայի միտքը կարող է ստեղծարար լինել, ճամփաներ, միջոցներ որոնել, գտնել։ Բայց հիմա այս բոլորը գերտերության հովանուն վերագրելը մեզ համար տխուր պատկեր է»,– ասաց նա։

Հայաստանը, ըստ Բագրատ Էստուկյանի, TRIPP-ով ռիսկի տակ է դնում Իրանի հետ հարաբերությունները, մինչդեռ Իրանը, նրա կարծիքով, այս պահին Հայաստանի գլխավոր բարեկամ հարեւան պետությունն է.«Իրանը մեզ համար բարեկամ երկիր է։ Միգուցե Ամերիկահայը այս բանը չհասկանա, բայց Հայաստանցին պետք է հասկանա»,– ասաց նա՝ հավելելով,– «Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իսրայելը հետին նպատակներ ունեն այդ տարածքի վրա։ Նրանց հետ խաղալը մեզ համար շատ վտանգավոր հետեւանքների կարող է բերել»։

Պոլսահայ մտավորականն անդրադարձավ նաեւ Հայ Առաքելական եկեղեցու, Ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ ստեղծված իրավիճակին։ Նա նշեց, որ խնդրի լավագույն լուծումը  եկեղեցական տարբեր կառույցների, հոգեւորականների միջոցով կարող է գտնվել։  Հոգեւորականները, նրա կարծիքով, պետք է լուծում առաջարկեն՝ շարժվելով ազգային գիտակցությամբ եւ եթե անհրաժեշտ է, ձեռնարկեն նոր կաթողիկոսի ընտրություն։