Անվտանգության երաշխիքների հարցը գտնվում է ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների օրակարգում, սակայն Կրեմլում հրապարակավ չեն քննարկի դրանց բովանդակությունը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է Ինտերֆաքսը:

Լրագրողները երկուշաբթի օրը խնդրել են նրան մեկնաբանել Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանի պատվիրակությունը խաղաղ բանակցությունների ընթացքում համաձայնել է ընդունել ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրվող անվտանգության երաշխիքները:

«Այլ հարցերի, ինչպես նաև գլխավոր՝ տարածքային հարցի հետ մեկտեղ, անվտանգության երաշխիքները, իհարկե, գտնվում են բանակցությունների օրակարգում», - ասել է Պեսկովը:

Նրան նաև հարցրել են, թե ինչպես է Կրեմլը գնահատում ուկրաինական կարգավորման շուրջ բանակցային գործընթացի շարունակման նպատակահարմարությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև երկխոսությունն ավարտվել է Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակմամբ։

«Ռուսաստանը պահպանում է իր դիրքորոշումը, որը բազմիցս շարադրվել է նախագահ Պուտինի կողմից, առ այն, որ քաղաքական-դիվանագիտական կարգավորումը նախընտրելի տարբերակ է, և Ռուսաստանը պահպանում է իր բաց լինելը՝ հենց այդ խաղաղ մեթոդներով սեփական շահերի ապահովմանը հասնելու համար», - պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը։