Ռուսաստանի արդարադատության նախարարությունը ԱՄՆ Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանը ներառել է այն կազմակերպությունների ցանկում, որոնց գործունեությունը Ռուսաստանում համարվում է անցանկալի։ Համապատասխան տեղեկությունը հրապարակվել է նախարարության կայքում, հաղորդում է «Коммерсантъ»-ը։

Ռուս-ամերիկյան գիտնականների ասոցիացիան (RASA) նույնպես այսօր ներառվել է ցանկում։ Որոշումն ընդունվել է, երբ գլխավոր դատախազությունը փետրվարի 16-ին համալսարանի գործունեությունը ճանաչել է անցանկալի, իսկ փետրվարի 17-ին՝ նաև Ռուս-ամերիկյան գիտնականների ասոցիացիան։

Անցանկալի կարգավիճակ է շնորհվում օտարերկրյա և միջազգային ոչ կառավարական կազմակերպություններին, երբ նրանց գործունեությունը կարող է սպառնալիք ներկայացնել սահմանադրական կարգի հիմքերի, պաշտպանունակության կամ ազգային անվտանգության համար։ Նման կազմակերպություններին արգելվում է գործել Ռուսաստանում։ Արգելքի խախտումը վարչական և քրեական պատասխանատվություն է նախատեսում։