Եկատերինբուրգի Կիրովսկի շրջանային դատարանը վճիռ է կայացրել Ուրալում ադրբեջանական համայնքի նախկին առաջնորդ Շահին Շիխլինսկու և նրա վեց հանցակիցների դեմ հարուցված քրեական գործով։ Շիխլինսկին դատապարտվել է 22 տարվա ազատազրկման՝ գործարարների սպանության և սպանության փորձի մեղադրանքով, գրում է «Коммерсант»-ը դատարանից։
Գործի մյուս մեղադրյալները ևս դատապարտվել են երկարատև ազատազրկման։ Ակիֆ Սաֆարովը դատապարտվել է 21 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում, Այազ Սաֆարովը՝ 20 տարվա, իսկ Քամալ Սաֆարովը՝ 14 տարվա։ Բոլորն առաջին չորս տարին կանցկացնեն բանտում։
Մազահիր Սաֆարովը, որը միակն է խոստովանել իր մեղքը, դատապարտվել է 13 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում։ Բաքիր Սաֆարովը կկրի 10 տարի ազատազրկում, իսկ Շուջայադդին Ռաջաբովը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում՝ հիմնվելով նրանց համակցված դատավճիռների վրա։ Երեքն էլ առաջին չորս տարին կանցկացնեն բանտում։ Ընդ որում, մեղադրող կողմը մեղադրյալների համար ավելի խիստ պատիժներ էր պահանջել։
Ատենակալները փետրվարի 11-ին ադրբեջանական համայնքի յոթ անդամների, դրանց թվում՝ Շիխլինսկուն, մեղավոր ճանաչեցին գործարար Յունուս Փաշաևի սպանության (2001թվական) և Ֆեհրուզ Շիրինովի սպանության փորձի (2010 թվական) մեջ։ Հանցագործությունների դրդապատճառներն էին բիզնեսի բաժանումը և ղեկավարության համար պայքարը, գրում է «Коммерсант»-ը։ Դատավարությունը տեղի է ունեցել փակ դռների ետևում։
2025 թվականի ամռանը Շիխլինսկին, որը նախկինում ղեկավարում էր Ուրալում ադրբեջանական համայնքը, հայտարարվել էր հետախուզման մեջ՝ քրեական մեղադրանքներով։ Ավելի վաղ Եկատերինբուրգում 2024 թվականի ամռանը ձերբակալության ժամանակ մահացած Սաֆարով եղբայրների գործով նա հանդես էր գալիս վկայի կարգավիճակով։ Ձերբակալվածների մահը միջազգային աղմուկ բարձրացրեց. Ադրբեջանը պնդում էր, որ նրանք վնասվածքներ են ստացել, մինչդեռ ռուսական կողմը նախապես հայտնել էր սրտի անբավարարության մասին։
Դեկտեմբերին Եկատերինբուրգի դատարանը խոշոր չափերի խարդախության մեղադրանքով ձերբակալեց տեղի ադրբեջանական համայնքի ղեկավար Վիդադի Մուստաֆաևին։ Նա այդ պաշտոնում փոխարինել էր Շիխլինսկուն երեք ամիս առաջ, գրում է «Ведомости»--ն։





























