Հնդկաստանի տնային տնտեսություններում լայնորեն օգտագործվող հեղուկացված ածխաջրածնային գազի (ՀԱԳ) գները 2025թ․ ապրիլից ի վեր առաջին անգամ աճել են Մերձավոր Արեւելքում լարվածության սրման ֆոնին, հաղորդել է Bloomberg-ը՝ հղում կատարելով Indian Oil Corp., Bharat Petroleum Corp. եւ Hindustan Petroleum Corp. ընկերությունների տվյալներին։
Երկրի խոշորագույն նավթավերամշակող Indian Oil Corp.-ը 14.2 կիլոգրամ կենցաղային գազի բալոնի գինը բարձրացրել է 7 տոկոսով՝ հասցնելով 913 ռուփիի (մոտավորապես 9.95 դոլար)։ Առեւտրային սպառողների համար ՀԱԳ սակագները բարձրացել են 6.5 տոկոսով՝ հասնելով 1 883 ռուփիի (մոտավորապես 20.40 դոլար)։ Բիզնեսի համար գները վերանայվում են ամեն ամիս. մարտի 1-ին դրանք արդեն բարձրացվել էին 1.6 տոկոսով։
Գործակալության տվյալներով՝ Հնդկաստանը աշխարհում ՀԱԳ երրորդ խոշորագույն սպառողն է։ Երկիրը վառելիքի ներմուծման մոտ 90 տոկոսը ստանում է Մերձավոր Արեւելքի երկրներից, եւ այդ մատակարարումների զգալի մասն անցնում է Հորմուզի նեղուցով, որն այժմ փաստացի փակ է։
Սակագների բարձրացումը կարող է ազդել Հնդկաստանի մոտ 333 միլիոն տնային տնտեսությունների ավելի քան 66 տոկոսի վրա, որոնք օգտագործում են գազը կերակուր պատրաստելու համար: Bloomberg-ը նշել է, որ վառելիքի գների աճը կարող է արագացնել գնաճը։
Վառելիքի պաշարները մեծացնելու համար Հնդկաստանի կառավարությունը կիրառել է արտակարգ լիազորություններ եւ կարգադրել նավթավերամշակման գործարաններին ավելացնել արտադրությունը։
Մարտի 1-ին՝ Իրանի դեմ ԱՄՆ եւ Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելուց մեկ օր անց, Թեհրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում առեւտուրը դադարեցնելու մասին մինչեւ հետագա ծանուցում։
Միավորված ծովային տեղեկատվական կենտրոնի (JMIC) տվյալներով՝ մարտի 6-ի դրությամբ Հորմուզի նեղուցով նավարկությունը գրեթե ամբողջությամբ դադարեցվել էր. վերջին 24 ժամվա ընթացքում այն հատել է ընդամենը երկու նավ։





























