Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մարտի 8-ին հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտաքին գործերի նախարար Աբդալահ բին Զայիդ Ալ Նահայանի հետ, հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Նախարարները խորը մտահոգություն են հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ և հանդես եկել ռազմական գործողությունների ապաէսկալացմանն ուղղված անհապաղ քայլերի օգտին։ Ուշադրություն է դարձվել այն հարձակումների դադարեցման անհրաժեշտությանը, որոնք հանգեցնում են քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և վնասում են քաղաքացիական ենթակառուցվածքները ինչպես Պարսից ծոցի արաբական երկրներում, այնպես էլ Իրանում։

Ռուսաստանի և ԱՄԷ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները սկզբունքորեն կարևոր են համարում քաղաքական-դիվանագիտական ջանքերի վերսկսումը՝ ի շահ տարածաշրջանում հուսալի ու երկարաժամկետ անվտանգության ապահովման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման։ Նախարարները պայմանավորվել են շարունակել կապը և առաջ մղել համաձայնեցված դիրքորոշումները ՄԱԿ-ում և միջազգային այլ հարթակներում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ից ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվում են Իրանի տարածքի վրա, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաներին։ Իսրայելի և ԱՄՆ հարձակման հետևանքով սպանվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլահ» շարժումը։ Իսրայելը հայտնել է շարժման դեմ հարձակողական գործողություն սկսելու մասին։