Պենտագոնը ծրագրեր է մշակում Աֆղանստան լրացուցիչ 34 հազար զինծառայողներ ուղարկելու վերաբերյալ: Այդ մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով անանուն բարձրաստիճան ռազմական աղբյուրներ:
Շուտով, իսկ աղբյուրի տվյալներով՝ դեկտեմբերի 7-ին, Բրյուսելում, ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում այդ մասին կհայտնի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Պենտագոնի պաշտոնատարները հրահանգ են ստացել պատրաստել 34 հազար զինվորականի՝ ակնկալելով, թե հենց այդքան էլ կհաստատի Օբաման:
Այսօր՝ նոյեմբերի 25-ին Պենտագոնի մամուլի քարտուղար Ջեֆ Մորելը հայտնել է, թե Աֆղանստան լրացուցիչ զորքեր ուղարկելու դեպքում ԱՄՆ-ը հույս ունի, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցներն ու գործընկեր-երկրները կհետեւեն այդ օրինակին: Նա վստահություն հայտնեց, թե դաշնակիցների հետ այդ հարցով քննարկումներ են ընթանալու:
Մորելը նաեւ նշել է, թե Պենտագոնում ոչ ոք չի սպասում, թե դաշնակիցներն իրենց մտադրության մասին կհայտարարեն հենց Օբամայի որոշումից հետո:
Ներկայումս Աֆղանստանում են տեղակայված 68 հազար զինծառայողներ՝ ԱՄՆ-ից եւ 45 հազար՝ ՆԱՏՕ-ի այլ երկրներից:




























