Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին Կառավարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Արտաքին հետախուզության ծառայության հայտարարությունը։ Վերջինս հայտնել էր, որ Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններում որոշակի քաղաքական ուժերի սատարելու նպատակով՝ երկրներից մեկում ճնշումներ են գործադրում հայազգի քաղաքացիների ու գործարարների նկատմամբ։

Նա, նախևառաջ, նշել է, որ տվյալ հայտարարությանն անհրաժեշտ է տալ իրավական գնահատական։ «Բայց քաղաքական առումով ես արդեն ասել եմ, որ իմ համոզմունքն է և ես դրանում չեմ կասկածում, որ եթե այդպիսի իրավիճակ լինի տեսականորեն՝ Ռուսաստանաբնակ մեր քաղաքացիների մեծ մասը կքվեարկի մեր օգտին»,- ասել է Փաշինյանը։

Պատասխանելով այն հարցին, թե ինչու Արտաքին հետախուզության ծառայության հայտարարության մեջ ուղղակիորեն նշված չէր, թե կոնկրետ որ երկրի մասին է խոսքը, վարչապետը նշել է․ «Դա ինֆորմացիայի ծավալի և նպատակահարմարության հարց է: Կարծում եմ, ըստ անհրաժեշտության, հետագայում ավելի մանրամասն պարզաբանումներ կլինեն»։