Արևմտյան երկրորդ շրջանային զինվորական դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչության չորս կատարողներին, հայտնում է «Ինտերֆաքսը»։

Ցմահ պատիժ է սահմանվել Դալերջոն Միրզոևի, Սաիդակրամի Ռաչաբալիզոդայի, Շամսիդին Ֆարիդունիի և Մուհամմադսոբիր Ֆայզովի նկատմամբ։ Գործով ներգրավված անձինք մեղավոր են ճանաչվել ահաբեկչություն իրականացնելու, ահաբեկչական գործունեությանը օժանդակելու, ահաբեկչական գործունեություն իրականացնելու նպատակով ուսուցում անցնելու և այլ հանցագործությունների մեջ։

Դատարանը նաև տուգանք է նշանակել՝ յուրաքանչյուրին 990 հազար ռուբլու չափով։ Նրանք պատիժը կկրեն հատուկ ռեժիմի ուղղիչ գաղութում։

Բացի այդ, դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել ահաբեկչության գործով ևս 11 մեղադրյալների, որոնց քննությունը համարում է կատարողների հանցակիցներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Նրանք են՝ Ումեջոն և Մուստակիմ Սոլիևները, Շահրոմջոն Գադոևը, Զուբայդուլո Իսմոիլովը, Հուսեյն Համիդովը, Մուհամմադ Շարիպզոդան, Յակուբջոնի Յուսուֆզոդան, Նազրիմադ Լուտֆուլոին, Ջումախոն Կուրբոնովը, Հուսեն Մեդովը և Ջաբրաիլ Աուշևը։

Եվս չորս մեղադրյալների նկատմամբ սահմանվել է պատիժ՝ 19 տարի 11 ամսից մինչև 22,5 տարի ժամկետով ազատազրկում։

«Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչությունը տեղի է ունեցել 2024 թվականի մարտի 22-ին։ Ահաբեկիչները «Պիկնիկ» խմբի համերգի ժամանակ ներխուժել են դահլիճ և կրակ են բացել «Կրոկուսի» հանդիսատեսի և աշխատակիցների վրա, իսկ հետո հրդեհել համերգասրահը։ Արդյունքում զոհվել է 150 մարդ։

Ահաբեկչության չորս անմիջական կատարողների հետ միասին գործով անցնում են նաև նրանց 15 ենթադրյալ հանցակիցները:

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Վիլայաթ Խորասան» խմբավորումը՝ Աֆղանստանում «Իսլամական պետության» թևը: Վլադիմիր Պուտինը պնդում էր, որ ահաբեկիչները գործել են Ուկրաինայի համար։