Վրաստանի հետ հարաբերությունները վերականգնելու համար Եվրամիությունը պետք է հրաժարվի երկրում իշխանությունը տապալելու փորձերից և վրացական ընդդիմադիր կազմակերպությունների գաղտնի ֆինանսավորումից։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
«Նրանք գիտեն, թե ինչ քայլեր է պետք ձեռնարկեն հարաբերությունները վերականգնելու համար։ Առաջինը՝ նրանք պետք է հրաժարվեն Վրաստանում իշխանությունը տապալելու փորձերից։ Սա կարևոր պայման է, քանի որ մենք չենք ընդունի Բրյուսելի հակաժողովրդավարական փորձերը», — ասել է Պապուաշվիլին։
Վրաստանի խորհրդարանի ղեկավարը հավելել է, որ Եվրոպական միությունը նույնպես պետք է հրաժարվի Վրաստանում տարբեր կազմակերպությունների գաղտնի ֆինանսավորումից։ Նրա խոսքով՝ Բրյուսելը պետք է դադարեցնի հակավրացական հռետորաբանությունը և հրաժարվի երկրի դեմ ուղղված քարոզչության ֆինանսավորումից ու աջակցությունից։
2024 թվականի մայիսին Վրաստանի խորհրդարանն ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, ինչից հետո երկրի հարաբերությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ սկսել են վատթարանալ։ ԵՄ-ն բազմիցս կոչ է արել Վրաստանի իշխանություններին հրաժարվել այդ օրենքից, սակայն «Վրացական երազանք — Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության առաջնորդները անփոփոխ կերպով պնդում են, որ օրենքի նպատակը երկրում գործող ՀԿ-ների ֆինանսական հոսքերի թափանցիկության ապահովումն է, որոնցից մի քանիսը, ըստ նրանց պնդումների, փորձել են հեղափոխություն կազմակերպել Վրաստանում։





























