«Ռուսական աշխարհի» գաղափարախոս և փիլիսոփա Ալեքսանդր Դուգինն իր բլոգում առաջարկել է էլ ավելի ուժեղացնել հասարակության նկատմամբ պետության վերահսկողությունը և կոչ է արել ռուսաստանցիներին վերաբերվել դրան որպես անխուսափելի իրականության։ Նրա խոսքով՝ քաղաքացիները պետք է ընդունեն այն փաստը, որ ժամանակակից աշխարհում վերահսկողությունն ամեն դեպքում գոյություն է ունենալու, ուստի ավելի լավ է, որ այն իրականացնի սեփական պետությունը, այլ ոչ թե արտաքին ուժերը։ «Եթե չլինեն յուրայինները, կլինեն օտարները։ Այո՛, մենք ապրում ենք նման աշխարհում, ձեզ համար ուրիշ աշխարհ չունենք», — գրում է Դուգինը, փոխանցում է The Moscow Times-ը։
Նա հայտարարել է, որ վերահսկողության լիակատար բացակայության գաղափարը գրավիչ է թվում, սակայն ուտոպիստական է և անիրատեսական։ Նրա կարծիքով՝ վերահսկողությունը պետք է իրականացվի «խելամտորեն, հոգատարությամբ և ուշադրությամբ», իսկ դրա նպատակը պետք է լինի պատերազմում երկրի հաղթանակը։ Փիլիսոփան նաև նշել է, որ քաղաքացիները չպետք է լռեն, սակայն քննադատությունը պետք է լինի կառուցողական և բխի երկրի հանդեպ տածած սիրուց. «Մենք՝ ռուսներս, պատմության ընթացքում միշտ տառապել ենք։ Այդպիսին է մեր ճակատագիրը։ Բայց չենք կոտրվել, չենք հաշտվել, ձեռքներս ցած չենք թողել։ Մենք պատերազմում ենք և կառուցում, ստեղծում ենք նոր մարդկանց և աջակցում տարեցներին։ Մենք մեծ ժողովուրդ ենք և եթե որևէ մեկի հետ անարդար են վարվել, ապա դա միայն զսպվածության և փառքի համար է»։




























