Վրաստանի իշխանությունները պարտավորվել են թույլ չտալ, որ իրենց ծովային տերմինալներ մտնեն ՌԴ-ի հետ կապված լցանավերը, տեղեկացրել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Շիվոն Մաքհարին։

«Վրաստանը մեզ տեղեկացրել է, որ ստվերային նավատորմին պատկանող լցանավերը այլեւս չեն կարողանա կանգ առնել իր նավահանգիստներում»,- հինգշաբթի Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է մամուլի քարտուղարը։

Նրա խոսքով՝ «Եվրոպական պատժամիջոցների ռեժիմի խախտումներ են եղել, եւ Վրաստանի իշխանությունները պարտավորվել են դադարեցնել այն գործողությունները, որոնք մեր մտահոգություններն են առաջացրել»։

ԵՄ ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ռուսաստանի դեմ ԵՄ 20-րդ պատժամիջոցների փաթեթը պատրաստելիս նախատեսվում էր վրացական Կուլեւի տերմինալը ներառել այն կազմակերպությունների ցանկում, որոնք, Բրյուսելի կարծիքով, նպաստում են Ռուսաստանի կողմից ԵՄ սահմանափակումների շրջանցմանը։

«Վրաստանի իշխանությունները հաստատել են, որ կդադարեցնեն ռուսական նավթի վերարտահանումը։ Մենք ուշադիր հետեւում ենք իրավիճակին՝ համոզվելու համար, որ իսկապես այդպես է»,- հայտնել է Մաքհարին։

Նա ավելացրել է. «Մենք վճռականորեն կգործենք ցանկացած կազմակերպության դեմ, որը կխաթարի մեր պատժամիջոցների ազդեցությունը»։

Ավելի վաղ  հաղորդվել էր, որ Եվրամիությունը բացառել է վրացական Կուլեւի նավահանգստի նավթային տերմինալը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների առաջիկա 20-րդ փաթեթից։ Պատժամիջոցների հարցերով ԵՄ հատուկ դեսպանորդ Դեւիդ Օ'Սալիվանը այս մասին տեղեկացրել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլուն։

«Դեւիդ Օ'Սալիվանը շնորհակալություն է հայտնել նախարարին 2026թ․ փետրվարի 18-ի նամակի եւ ԵՄ անդամ պետություններին ներկայացված փաստաթղթի համար՝ կապված ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի հետ, որը, ինչպես սպասվում է, շուտով կհաստատվի»,- հաղորդել է 1TV.ge հեռուստաալիքը։

Իր նամակում հատուկ բանագնացը պարզաբանել է, որ Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերությունը (SOCAR, որը Կուլեւիի նավթային տերմինալի սեփականատերն է - ИФ) պարտավորվել է գործել ԵՄ պատժամիջոցներին խիստ համապատասխան։

«Այդ պարտավորությունները վճռական նշանակություն ունեին մեր գնահատման գործընթացում եւ, ի վերջո, հանգեցրին Կուլեւի նավահանգստի բացառմանը 20-րդ պատժամիջոցների փաթեթից»,- գրել է Օ'Սալիվանը։