Նավթի համաշխարհային գների աճը Իրանի դեմ ԱՄՆ եւ Իսրայելի պատերազմի ֆոնին Ռուսաստանին ամեն օր մոտ 150 մլն դոլարի լրացուցիչ եկամուտ է բերում, գրել է Financial Times-ը՝ հղում կատարելով ճյուղային վերլուծաբանների հաշվարկներին։
Նրանց գնահատականներով՝ մարտի վերջին Ռուսաստանի կառավարությունը կարող է ստանալ ընդհանուր առմամբ 3.3-4.9 միլիարդ դոլարի լրացուցիչ եկամուտ, եթե ռուսական հում նավթի միջին գինը հասնի մեկ բարելի համար 70-80 դոլարի: Փետրվարին ռուսական նավթի միջին գինը կազմում էր մոտ 45 դոլար մեկ բարելի համար։
Ըստ ապրանքային շուկաներում մասնագիտացած Kpler ընկերության առաջատար վերլուծաբան Սումիթ Ռիտոլիայի՝ Ռուսաստանը կլինի «գլխավոր հաղթողը» Մերձավոր Արեւելքի նոր պատերազմում։
«Եվ սա պատմության մեջ ամենամեծ էներգետիկ ճգնաժամի սկիզբն է միայն»,- գրել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիեւը X սոցցանցում՝ մեկնաբանելով FT հրապարակումը։
FT-հոդվածի հրապարակումից հետո արդեն ԱՄՆ կառավարությունը հայտարարել է, որ ռուսական նավթի դեմ պատժամիջոցները ժամանակավորապես մեղմացվել են՝ թույլատրելով հում նավթի եւ նավթամթերքի առաքումները, եթե դրանք բեռնվեն նավերում մինչեւ մարտի 12-ը: The Bell-ը, հղում կատարելով Kpler-ի տվյալներին, գրել է, որ մարտի 6-ին լցանավերը տեղափոխում էին մոտ 130 միլիոն բարել ռուսական նավթ, որի զգալի մասը մնացել էր ճանապարհին պատժամիջոցների պատճառով։





























