Բրիտանական անվտանգության ծառայությունը (MI5) գաղտնազերծել է համր կինոյի մեծ դերասան Չարլի Չապլինի «գործը»:

Հսկողությունն իրականացվել է ՀԴԲ-ի խնդրանքով, որտեղ Չապլինին կասկածում էին կոմունիստների հանդեպ ունեցած համակրանքի մեջ եւ նրան ԱՄՆ-ից արտաքսելու հիմքեր էին հավաքում: Համաձայն Հետաքննությունների դաշնային բյուրոյի` Չապլինը «Հոլիվուդի սալոնային բոլշեւիկն էր»: 1952թ. Վաշինգթոնի գործակալը տեղեկություն էր հաղորդել այն մասին, որ Չապլինը  միջոցներ է հատկացնում կոմունիստական կազմակերպությունների զարգացման համար:

Անգլիական հետախուզությունը մեջբերում է Լոս Անջելոսում ամերիկա-խորհրդային բարեկամության Ազգային խորհրդի նիստում Չապլինի ասած խոսքերը. «Կոմունիզմը շատ լավ կողմեր ունի: Մենք կարող ենք օգտագործել լավը եւ առանձնացնել վատից»:

Չապլինի գործը երկար ժամանակ չի բացահայտվել` տեղեկություններ հաղորդողների անունները գաղտնի պահելու նկատառումներով: Դրանում առկա են տարբեր վկայություններ, ինչպես նաեւ թերթերի եւ ամսագրերից կտրված հոդվածներ: Daily Worker-ում տպագրված հոդվածներից մեկում ասվում է.  «Նրա ֆիլմերը ծաղրում են տիրակալներին եւ բռնապետերին, նա պարզ մարդկանց դուրս բերեց հարուստների դեմ»:

Անգլիական հետախուզությունը սկսել է հետեւել Անգլիայում Չապլինի գործողություններին:  MI5-ին խնդրել են նաեւ ճշտել այն տեղեկությունը, ըստ որի Չապլինի իսկական անունն  Իսրայել Թորնշթեյն է: Դրան անգլիացիները պատասխանել են. «Ոչ մի ապացույց չկա, որ Չապլինի անունը երբեւէ Իսրայել Թորնշթեյն է եղել»: Հերքվել  էր նաեւ այն ենթադրությունը,  որ նա ծնվել է Ֆրանսիայում:

Արդյունքում MI5-ում եզրակացրել են, որ դերասանն անվտանգությանը ոչ մի սպառնալիք չի ներկայացնում. «հնարավոր է, Չապլինը համակրում է կոմունիստներին, բայց նա արմատական քաղաքական գործիչ չէ, եզրակացությունից մեջբերում է The Guardian-ը:
Չարլզ Սթենսեր Չապլինն ԱՄՆ-ում բնակվել է ավելի քան 30 տարի, բայց այդպես էլ Ամերիկայի քաղաքացի չի դարձել: 1952թ. նա մեկնել է Լոնդոն, եւ ՀԴԲ-ի այն ժամանակվա տնօրեն Էդգար Գուվերը կարողացել է իմիգրացիոն ծառայություններից դերասանի վերադարձի արգելք ստանալ: Չապլինն ընտանիքի հետ տեղափոխվել է շվեյցարական Վյովե քաղաք, որտեղ էլ մահացել է 1977թ. դեկտեմբերի 25-ին: