ՌԴ պաշտոնյաները, պատգամավորները և պետական ընկերությունների թոփ-մենեջերները չեն վստահում «Max» ազգային մեսենջերին. այն օգտագործելու համար նրանցից ոմանք նոր SIM քարտեր և սմարթֆոններ են գնում։ Այս մասին «Faridaily» պարբերականին պատմել են իշխանության և պետական ընկերությունների մոտ տասը զրուցակիցներ։
Կառավարությանը մոտ կանգնած զրուցակցի խոսքով՝ «բոլորը կարծում են, որ եթե հեռախոսիդ վրա տեղադրել ես Max-ը, ապա դա նույնն է, ինչ այն տանես Անվտանգության դաշնային ծառայություն (ԱԴԾ)»։
Պաշտոնյաների մի մասը Max-ում գրանցվում է իրենց սովորական համարներով, սակայն դրա համար նոր հեռախոսներ են գնում։ Մյուսները չեն սինքրոնացնում իրենց անձնական սմարթֆոնների կոնտակտները Max-ի համար գնված սարքերի հետ։ Նրանք նման հեռախոսներն օգտագործում են որպես աշխատանքային՝ գործընկերների հետ շփվելու համար։
«Ոչ ոք չի ցանկանում հեռանալ Telegram-ից։ Բոլորը հույս ունեն, որ Դուրովը որևէ բան կմտածի արգելափակումները շրջանցելու համար, կամ խնդիրն ինչ-որ կերպ ինքնաբերաբար կլուծվի»,- ասել է դաշնային գերատեսչություններից մեկի աղբյուրը։ Նրա խոսքով՝ իր ղեկավարի և թիմի հետ նա մինչ օրս շփվում է Telegram-ով։
Faridaily-ն նաև ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Max-ում իր բազմամյա աշխատանքային հեռախոսահամարով դեռևս չի գրանցվել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Միևնույն ժամանակ, մեսենջերում արդեն գրանցվել են ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը և ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը։




























