Թաիլանդի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Բանգկոկը Մոսկվայի հետ քննարկում է հում նավթի գնման հնարավորությունը՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի շարունակական պատերազմով պայմանավորված մատակարարումների դեֆիցիտի ֆոնին:

The Nation թերթին տված հարցազրույցում Սիհասակ Փհուանգկետկեոն հայտնել է, որ իր կառավարությունն արդեն կապ է հաստատել Ռուսաստանի հետ, որը պատրաստակամություն է հայտնել նավթ վաճառել Թաիլանդին:

Ըստ Սիհասակի՝ վարչապետ Անուտին Չարնվիրակուլն անհրաժեշտ է համարում ջանքեր գործադրել նոր աղբյուրներ գտնելու ուղղությամբ, որոնցից Թաիլանդը կկարողանա ապահովել նավթի մատակարարումները:

Նա նաև նշել է, որ Թաիլանդն մոտ 95–100 օրվա համար նախատեսված նավթի պահուստներ ունի, սակայն շարունակվող պատերազմը անորոշություն է ստեղծում երկարաժամկետ մատակարարումների հարցում:

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, տրանսպորտի նախարար Փհիփհատ Ռատչակիթպրակարնը հայտարարել է, որ վառելիքի գների աճի պատճառով Թաիլանդը կփորձի սահմանափակել դիզելային վառելիքի ներքին գինը՝ մեկ լիտրի համար 33 բատի (մոտ 1,02 դոլար) մակարդակում: