Վիգենի առողջությունը գնալով վատթարանում է։ Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վիգեն Էուլջեքջյանի կինը Լինդա Էուլջեքջյանը։
«Վիգենը չի կարողանում քայլել առանց ձեռնափայտի, տառապում է բարձր արյան ճնշումից, մասամբ կորցրել է լսողությունը։ Այժմ սպասում ենք սրտի վիրահատությանը»,- հավելեց Լինդա Էուլջեքջյանը։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 15–ին Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 4 գերի՝ Գևորգ Սուջյան, Դավիթ Դավթյան, Վիգեն Էուլջեքջյան և Վագիֆ Խաչատրյան։
Լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանը գերեվարվել է 2020թ. նոյեմբերի 9-ին Շուշիի մոտակայքում, լիբանանցի Մարալ Նաջարյանի հետ: Նրանք գնացել էին Արցախ, որպեսզի Շուշիի հյուրանոցից մեկից վերցնեին Նաջարյանի իրերը։ Մարալ Նաջարյանն ազատ էր արձակվել 2021 թվականի մարտին։
Վիգեն Էուլջեքչյանին Բաքվի դատարանը 2021 թվականի հունիսի 14-ին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:





























